ԱՄՆ-ի հանձնակատարը ճշտել է՝ ինչպես են Վաշինգտոնն ու Անկարան որոշելու անվտանգության գոտին Սիրիայում
Անվտանգության գոտին, որի ստեղծման շուրջ ԱՄՆ-ը եւ Թուրքիան պայմանավորվել են Անկարայում կայացած բանակցությունների արդյունքներով, ներառելու է սիրիա-թուրքական սահմանից 30 կիլոմետր հարավ ընկած շրջանը, սակայն խոսքը վերաբերում է միայն այն տարածքներին, որոնք այժմ վերահսկվում են Թուրքիայի զինուժերի կողմից: Այդ մասին լրագրողներին հայտնել է Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին:
«Թուրքերը խոսում են անվտանգության գոտու մասին, որը նրանք իրենք կցանկանային տեսնել, եւ նրանք հենվում են այն բանի վրա, ինչ մենք ավելի վաղ արել էինք օգոստոսին, երբ անվտանգության գոտին ձգվում էր Եփրատից մինչեւ Իրաքի հետ սահմանը»,-նրա խոսքը մեջբերել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:
«Իսկ այժմ մենք ունենք այլ իրադրություն, երբ թուրքերը 30 կիլոմետր առաջ են շարժվել Սիրիայի հյուսիսարեւելյան տարածաշրջանի կենտրոնական մասում եւ մինչ այժմ մարտեր են մղում այնտեղ: Եվ այժմ մենք հենց դրա վրա ենք կենտրոնացնում մեր ուշադրությունը, որովհետեւ հենց այդ տեղամասն ենք մենք սահմանում որպես Թուրքիայի կողմից վերահսկվող անվտանգության գոտի»,-ասել է Ջեֆրին:
Նրա խոսքով՝ պլանով նախատեսվում է, որ քրդերն իրենց ուժերը պետք է դուրս բերեն «այն շրջաններից, որոնք այժմ վերահսկում են թուրքերը»: Փաստորեն, ինչպես ճշտել է ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը, քրդերը պետք է հեռանան M4 ճանապարհից այն կողմ, որը ձգվում է սիրիա-թուրքական սահմանին զուգահեռ: Ընդսմին Ջեֆրին նշել է, որ խոսքը չի վերաբերում այն տարածքներին, որոնք թուրքերն այժմ չեն վերահսկում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: