ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Թուրքիայի կողմից ռազմական գործողության դադարեցումը Սիրիայում

Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները դատապարտել են Թուրքիայի գործողությունները Սիրիայում, բայց ի գիտություն են ընդունել Անկարայի կողմից ռազմական գործողության դադարեցումը: Այս մասին ասված է Բրյուսելում գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքների վերաբերյալ ԵՄ-ի ղեկավարների հայտարարության մեջ:

«ԵՄ-ն դատապարտում է Թուրքիայի միակողմանի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում, որոնք անտանելի մարդկային տառապանքներ են պատճառում, վիժեցնում են ԴԱԻՇ-ի դեմ պայքերը եւ լրջորեն սպառնում եվրոպական անվտանգությանը:

Եվրամիությունը նշում է ռազմական բոլոր գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հայտարարությունը»,- նշվում է փաստաթղթի տեքստում:

ԵՄ-ի ղեկավարներն ընդգծել են Թուրքիայի կողմից Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման եւ այնտեղից իր զորքերը դուրս բերելու անհրաժեշտությունը:

Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Թուրքիան համաձայնել է 120 ժամով կասեցնել իր ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արեւելքում:

Նա նաեւ նշել է, որ Վաշինգտոնը եւ Անկարան պայմանավորվել են արաբական երկրի հետ սահմանում անվտանգության գոտու ստեղծման շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս