Թրամփը Թուրքիային ու քրդերին համեմատել է երեխաների հետ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, նկարագրելով Սիրիայի հյուսիս-արեւելքի իրադրությունը, Թուրքիային եւ քրդերին համեմատել է երկու երեխաների հետ:
«Երբեմն նրանց հարկավոր է փոքր-ինչ կռվել, հետո մարդիկ հասկանում են՝ որքան դաժան են լինում մարտական գործողությունները «…»: Ինչպես երկու երեխաների հետ է լինում, նրանց հարկավոր է թույլ տալ կռվել, իսկ հետո՝ բաժանել»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը՝ հոկտեմբերի 17-ին իր կողմնակիցների առջեւ ելույթ ունենալով Տեխասում:
«Նրանք պատերազմում էին մի քանի օր, դա բավականին դաժան էր:
Քրդերը մեր բարեկամներն են, Թուրքիան նույնպես մեր բարեկամն է, բայց նրանք կռվում էին, «…» դա ահավոր էր «…» Նրանք չԷին կարողանում համաձայնության հասնել «…» Մենք ուղեւորվեցինք այնտեղ ու ասացինք, որ դադար ենք ցանկանում»,- հավելել է Թրամփը:
Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Թուրքիան համաձայնել է 120 ժամով կասեցնել իր ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արեւելքում: Նա նաեւ նշել է, որ Վաշինգտոնը եւ Անկարան պայմանավորվել են արաբական երկրի հետ սահմանում անվտանգության գոտու ստեղծման շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: