Կողոպուտ Արամի փողոցի սրճարաններից մեկում
Հոկտեմբերի 3-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 20.00-ին անհայտ անձը Արամի փողոցի սրճարաններից մեկի սեղանից բացահայտ հափշտակել է դրամապանակ, որի մեջ եղել է փող, վարորդական իրավունքի վկայական, սոցիալական և բանկային քարտեր:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները տուժողից հաղորդում են ընդունել․ նրան պատճառվել էր շուրջ 120 հազար դրամի նյութական վնաս։ Փաստի առթիվ հոկտեմբերի 9-ին հարուցվել էր քրեական գործ:
Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 14-ին տվյալներ են ստացվել, որ արարքը հնարավոր է կատարած լինի Սարի թաղի 22-ամյա բնակիչը։ Նույն օրը, ժամը 10.20-ին, նա հայտնաբերվել է Նոր Արեշի 8-րդ փողոցում և, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման ենթարկվել:
Նա տվել է խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: