«Հայաստանյան փոփոխություններից հետո տպավորություն կար, որ կա որոշակի սառնություն հայ-ռուսական հարաբերություններում». Սոլովյով

«Ռուսաստանն ու Հայաստանը բարեկամական երկրներ են, և հարաբերությունների այդ բնույթը չի փոխվի»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Ռուսաստանի Ժուռնալիստների միության ղեկավար, քաղաքական մեկնաբան, պրոդյուսեր Վլադիմիր Սոլովյովը՝ անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո:

Վլադիմիր Սոլովյովի խոսքով՝ Ռուսաստանի Ժուռնալիստների միությունը գործում է քաղաքականությունից դուրս: «Մենք չենք աջակցում որևէ քաղաքական կուսակցության և քաղաքական գործընթացների չենք մասնակցում, հենց այդ պատճառով սովորաբար չեմ մեկնաբանում քաղաքական հայտարարություններ, քայլեր, իրադարձություններ: Սակայն, այնուամենայնիվ, կասեմ, որ Ռուսաստանը և Հայաստանը բարեկամական երկրներ են:

Իմ անձնական կարծիքն այն է, որ, եթե հայաստանյան փոփոխություններից հետո տպավորություն կար, որ կա որոշակի սառնություն հայ-ռուսական հարաբերություններում, ապա ներկայումս հարաբերությունները նորմալ են, բարեկամական, լավ»,- նկատեց Սոլովյովը:

Նա հիշեցրեց վերջերս տեղի ունեցած Պուտին-Փաշինյան հանդիպումը, որը, նրա գնահատմամբ, անցավ նորմալ մթնոլորտում, ինչն իր հերթին՝ ցույց է տալիս, որ հարաբերությունները նորմալ են:

«Հուսով եմ, որ մեր հարաբերությունները միայն դրական ուղիով են ընթանալու»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա նշեց, որ, եթե տեղեկատվական տիրույթում հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ բացասական ինֆորմացիան շատ է, ապա դա չի նշանակում, որ հարաբերություններն անպայմանորեն տուժելու են կամ վտանգված են:

«Հույս ունեմ, որ դրանք այնքան վտանգավոր չեն, որպեսզի ազդեն մեր երկրների հարաբերությունների վրա»,- ասաց Սոլովյովը:

Ամփոփելով իր խոսք՝, նա նշեց, որ իր առաջիկա ծրագրերում նախատեսում է այց Հայաստանի Հանրապետություն, որտեղ կծանոթանա Հայաստանի՝ այդ ոլորտում առկա խնդիրներին, կշփվի իշխանության և լրագրողական համայնքի հետ:

Տեսանյութեր

Լրահոս