Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին քրեական գործը գտնվում է Քննչական կոմիտեում
«Վիգեն Սարգսյանի գործը գտնվում է Քննչական կոմիտեում, այն գտնվում է նախաքննական փուլում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց ՔԿ խոսնակ Նաիրա Հարությունյանը։
Իսկ թե ով է պաշտպանելու Վիգեն Սարգսյանի շահերը, մեր զրուցակիցն ասաց, որ տեղեկություններ չունի։
Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերի 25-ին Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, նշելով, որ բավարար ապացույցներ է ձեռք բերել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար։
«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում՝ ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ 2018թ. հունվարին Երևան քաղաքի Գ. Հասրաթյան փողոցի թիվ 25/6 բազմաբնակարան շենքի բնակարանների հատկացումները «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովման մասին» ՀՀ կառավարության 07.03.2007թ. N 384-Ն որոշմամբ սահմանված կարգի խախտումներով կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված նախաքննության ընթացքում բավարար ապացույցների համակցություն է ձեռք բերվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար»,-նշված էր հաղորդագրության մեջ։
Հաղորդագրությունը տարածելուց հետո Վիգեն Սարգսյանն, ով այս պահին գտնվում է Միացյալ Նահանգներում, ֆեյսբուքայն իր էջում գրել էր, որ նախքան ներգրավվող անձին պաշտոնապես իրազեկելը մամուլով նման տեղեկատվություն տարածելը կոպտորեն խախտում է առնվազն բարոյականության և բարեվարքության բոլոր կանոնները:
«Քննչական մարմիններն, առանց վկայի կարգավիճակով դիրքորոշումս հայտնելու հնարավորություն տալու, ձեռնարկում են ակնհայտորեն քաղաքական նպատակներ հետապնդող քայլեր: Դա չափից ավելի կանխատեսելի էր և ակնկալելի: Ակնհայտ է, որ այս գործընթացի հիմնական նպատակն է հերթական հարվածը հասցնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և բանակի ղեկավարության վարկանիշին: Լիազորել եմ փաստաբանիս կապվել Հատուկ քննչական ծառայության պատասխանատուների հետ` հետագա գործընթացներում ինձ ներկայացնելու նպատակով»,- գրել էր Վ. Սարգսյանը:
Նշենք, որ մամուլը ժամանակ առ ժամանակ գրում է, որ այս գործը տեղից տեղ են ուղարկում, մեկ Հատուկ քննչական ծառայություն, մեկ՝ Քննչական կոմիտե, այնուհետև դատախազություն։
Զվարթ Խաչատրյան