 
                        Պուտինն Էրդողանին հրավիրել է Ռուսաստան
 
                                    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է աշխատանքային այց կատարել Ռուսաստան, եւ այդ հրավերն ընդունվել է: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Վլադիմիր Պուտինը Թայիփ Էրդողանին հրավիրել է առաջիկա օրերին աշխատանքային այցով ժամանել Ռուսաստան: Հրավերն ընդունված է»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Սիրիայի հյուսիսի իրադրությունը: «Նշվել է, մասնավորապես, թուրքական բանակի ստորաբաժանումների եւ Սիրիայի կառավարության զինուժերի միջեւ բախումների կանխման անհրաժեշտությունը»,- հավելել են Կրեմլում:
Բացի այդ, Պուտինը եւ Էրդողանը հանդես են եկել Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացի շարունակման օգտին եւ մտադրություն են հայտնել նպաստել ՄԱԿ-ի հովանու ներքու հոկտեմբերի վերջին Ժնեւում Սահմանադրական կոմիտեի նիստի գումարմանը: Նաեւ նախագահները հավաստել են իրենց հանձնառությունն ապահովելու Սիրիայի տարածքային ամբողջականությունը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        