Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստանում գտնվող ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
«Կողմերն անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Արտգործնախարարները վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ բոլոր հնարավոր ուղղություններով խորացնելու երկու երկրների միջև բազմադարյա բարեկամության վրա հիմնված համագործակցությունը՝ նախանշելով այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շրջանակները:
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ հետ համագործակցության և երկխոսության շուրջ:
Հանգամանալից քննարկվեցին տարածաշրջանային իրավիճակը և խնդիրներ: Երկուստեք կարևորվեց տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և կայունության պահպանումը»,- նշված է հաղորդագրության մեջ: