Արտաշատի բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է 13 երեխա
Արտաշատի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած թունավորման դեպքի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Արտաշատի բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է 13 երեխա։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է թեթև:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ըստ նախնական վարկածի` թունավորման հավանական պատճառը նրբերշիկով պատրաստված պիցցան է։ Լաբորատոր հետազոտություններն ընթացքում են:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետները շարունակում են աշխատանքը տեղում:
ՀՀ քննչական կոմիտեն 2019թ. հոկտեմբերի 15-ին հիվանդանոցից ահազանգ էր ստացել այն մասին, որ «Սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի աշակերտներ: Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: