Երբ վարչապետի աթոռը դառնում է գերնպատակ

ՀՀ-ում հաստատված քաղաքական իրականությունից պարզ է դառնում, որ երկրում իրականացվում են խայտառակ ցինիկ, անբռնազբոս, ահռելի ծավալների բացահայտ կոռուպցիոն գործարքներ։ Սրան զուգահեռ՝ անասելի չափերի, անթաքույց ու ակնհայտ մսխումներ են կատարվում պետբյուջեից, շինծու քրեական գործեր հարուցելու միջոցով գերխոշոր գումարների շորթումներ գործարարներից, ինչպես նաև՝ մեծ ու փոքր պաշտոնյաներից, անգամ եկեղեցուց՝ դրանք ուղղելով անձնական հիմնադրամներին, ինչից հետո այդ նույն գումարները շատ հմտորեն անհետանում են: Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ ընդդիմության հիմնական գրոհները տեղի են ունենում ազգային արժեքների ու արժեհամակարգերի նկատմամբ իր վարած ապիկար քայլերի ուղղությամբ, օրերս ձեռնամուխ եղավ այդ թեման որոշակի թուլացնելու գործին։

Բոլորս ականատես եղանք, թե ինչ արհեստական ֆլեշմոբ կազմակերպեց՝ «Հայաստանն իմ օջախն է, Ժողովուրդն՝ իմ ընտանիքը» գրառում կատարելով։ Փաստացի պարզ է, որ տեղի ունեցածը միանշանակ ֆեյք օրակարգ է, ու ընդամենն իր PR խորհրդատուների մշակած ռազմավարական տակտիկան է։ Օրերս հայտնի դարձավ, որ «Անտարես» հրատարակչությունն այս ֆլեշմոբի սլոգոնը որպես գովազդային վահանակ՝ ողջ ՀՀ տարածքում տեղադրելու համար պետբյուջեից ստացել է մոտ 50 մլն դրամ (48 մլն 900 հազար)։ Ասել է թե՝ իշխանական ագիտատուրայի համար մասնավոր հրատարակչությունը պետբյուջեից ստանում է 100 հազար դոլար, ի դեպ, առանց մրցույթ հայտարարելու։

Թե ինչ տրամաբանությամբ է ընտրվել հենց «Անտարես» հրատարակչությունը, կարծում ենք՝ ոչ մի անակնկալ բան չկա, քանզի հրատարակչության տնօրենը նախ՝ ՀԱԿ ներկայացուցիչ է և Փաշինյանի մտերիմներից։ Այդ առիթով Մարտիրոսյանը ասել է․ «Ստացել ենք հանձնարարություն Կառավարությունից, որ Հայաստանում գտնենք մինիմալ քանակով արտաքին գովազդի վահանակներ, բանակցենք վահանակների տերերի հետ, դրանք տարբեր ընկերություններ են, որպեսզի կարողանանք Հայաստանը ծածկել այդ գովազդով, որ գրեթե յուրաքանչյուր քաղաքացի առնչվի դրա հետ։ Գաղափարն այն է, որ տարբեր ձեռագրերով գրված է նույն ուղերձը, այսինքն՝ ամեն հայաստանցի իր անունից է ասում» (նշենք նաև, որ Փաշինյանի գիրքը նույնպես հրատարակվել է նույւն հրատարակչության կողմից)։ Տեղի ունեցած փաստի հետ կապված՝ նշենք Փաշինյանի կողմից իրականացված ակնհայտ մսխումների մի շարք դրսևորումներ։

Բոլորս ենք հիշում, որ Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցը պետական բյուջեի համար արժեցել էր ավելի քան 350 հազար ԱՄՆ դոլար։ «Հետք» լրատվականն իր ծավալուն հոդվածում պարզել էր, որ Նիկոլ Փաշինյանին սեպտեմբերի 21-ին Գյումրիից ԱՄՆ հասցրած մասնավոր «Gulfstream G550» ինքնաթիռը պատկանում է ուկրաինացի քաղաքական գործիչ Նեստոր Իվանովիչ Շուֆրիչին, ով Ուկրաինայում որպես «Ընդդիմադիր բլոկի» ներկայացուցիչ՝ 2019 թվականին վերընտրվել է պատգամավոր: Վերջին օրեին մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը պետբյուջեից շուրջ 2 միլիոն դոլար է հատկացրել Կոնդի առանձնատների տնտեսությունում գտնվող Փաշինյանին և նրա ընտանիքին սպասարկող կառավարական առանձնատան մասնաշենքը հիմնանորոգելու, վերանորոգելու և կահավորելու համար։

Ըստ այդ լուրերի` առանձնատունը հիմնանորոգելու համար պետբյուջեից վերաբաշխում կատարելու և գումար հատկացնելու որոշման նախագիծը եղել է «հույժ գաղտնի» մակագրությամբ՝ հերթական սկանդալից զերծ մնալու համար, քանի որ բավականին մեծ գումար է հատկացվել այդ ամենի համար։

Այս ամենին հավելենք, որ պարբերաբար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվում խորհրդարանում տեղի ունեցող գործուղումները, որոնք մեկ ամսվա կտրվածքով հասնում են մի քանի տասնյակի, իսկ ամենացավալին այն է, որ ոչ մի կերպ նկատելի չի դառնում, թե ինչ արդյունքներ են դրանք ունենում, քանի որ այս ժամանակահատվածում ոչ մի էական շոշափելի արդյունք պառլամենտական դիվանագիտության ոլորտում գրեթե գոյություն չունի, հակառակը՝ քանիցս ականատես ենք դառնում տարբեր տիպի սկանդալային միջադեպերի ու պետության շահերի ու պետական քաղաքականությանը հակասող դրսևորումների։

Եթե թվարկված անհասկանալի պետական միջոցների վատնման փաստերին գումարենք նաև Վարդավառի տոնի շրջանակներում անցկացված ԱԺ բակում գորգերի 5 միլիոն դրամանոց լվացումը, ապա հասկանալի է դառնում, որ Նիկոլ Փաշինյանն իր կառավարման շրջանում զբաղված է պետական միջոցները քամուն տալու գործով, և սա՝ այն դեպքում, երբ դեռևս ընդդիմադիր տարիներին նա քարը քարի վրա չթողնելով՝ քննադատում էր իշխանություններին՝ իրենց անտեղի արված ծախսերով և պետական միջոցները մսխելով։

Ամփոփելով՝ կարող ենք ընդգծել, որ ներկայումս համատարած ոտնահարվում են ազգային արժեքները, այլասերվածության ծրագրված տարածման փորձեր են իրականացվում մանկապարտեզներում, դպրոցներում և բուհերում, հաստատվում է հայատյացության գերիշխող դիրք` հայրենակիցների, հայերի և հայկականության նկատմամբ իրականացվում է բացառապես ատելության կատաղի քարոզ։

Ամենուր տապալվում և մեկուսացվում ենք արտաքին հարաբերությունների բոլոր ուղղություններում, խայտառակված իրավիճակ է բացառապես բոլոր միջազգային հարթակներում` ԵԽԽՎ-ում, ՄԱԿ-ում, ԵԱՏՄ-ում, ԱՄՆ-ում Փաշինյանի ելույթների հիմնական թեման երկրի ներքին հարցերն են, որն անընդունելի ու աննախադեպ խայտառակություն է։ Այս ամենի հետ մեկտեղ՝ օրեցօր խորացվում է Արցախի և ՀՀ իշխանությունների միջև անջրպետը՝ նպատակ ունենալով վերածել հակամարտության:

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս