Բաժիններ՝

Լա Լիգայի նախագահը՝ Մեսսիի հեռանալու մասին

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը արձագանքել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի՝ հարկերի հետ կապված խնդիրների պատճառով ակումբը լքելու ցանկության մասին խոստովանությանը:

«Բարեբախտաբար, նա չհեռացավ: Եթե այդ դեպքում նա ասեր, որ մտածում է հեռանալու մասին, ես չափազանց բարկացած կլինեի:
Ես երախտապարտ եմ Լեոյին: Հուսով ենք, որ վատ ժամանակներ նորից չեն պատահի: Մեսսին պատմության լավագույն խաղացողն է: Ես հավատում եմ, որ նա ուրախ կլինի մնալ մեր լիգայում»,- ասել է Տեբասը:

Նշենք, որ Մեսսին ծավալուն հարցազրույց էր տվել, որտեղ անդրադարձել էր կատալոնական ակումբից հեռանալու ցանկության մասին։

«Եղել են ժամանակներ, երբ որոշակի հանգամանքների բերումով ես ամբողջովին սպառված էի զգում: Ես որոշակի խնդիրներ ունեի հարկային ծառայության հետ կապված՝ հատկապես 2013-2014 թվականներին:

Դժվար ժամանակ էր ինձ և ընտանիքիս համար: Մարդիկ չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել այն ժամանակ: Իմ դեպքն առաջինն էր, այնպես որ, շատ ծանր էր: Լավ է, որ այդ ժամանակ երեխան դեռ փոքր էր, ոչինչ չէր հասկանում: Հենց այդ դժվարին պահին ես մտածում էի Իսպանիայից հեռանալու մասին: Ես շատ տարբերակներ ունեի, բայց ոչ կոնկրետ առաջարկներ: Բայց այդ մտքերն այն պատճառով չէին, որ ես ցանկանում էի լքել «Բարսելոնան», այլ այն պատճառով, թե ինչ էր տեղի ունենում այն ժամանակ:

Դեռևս ինձ համար գլխավորը այստեղ մնալն է: Միշտ մտածում էի դրա մասին, ոչինչ չի փոխվել: Ցանկանում եմ ավարտել կարիերաս «Բարսելոնայում», դա ակնհայտ է: Սա ոչ միայն ակումբի հանդեպ իմ զգացմունքները, այլ նաև իմ ընտանիքն է: Ես չեմ ուզում փչացնել երեխաներիս ընկերությունը: Մենք կարող ենք հավերժ մնալ այստեղ»,- ասել է Մեսսին:

Սիրարփի Աղաբաբայն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս