Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքը Հնարավորինս կանխել Թուրքիայի ռազմական ագրեսիան. «Ժառանգություն»

Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս-արևելք՝ ահաբեկչության դեմ պայքարի կեղծ քողածածկույթով հույժ վտանգավոր գործընթաց է, որը կարող է հանգեցնել ազգային և կրոնական դրդապատճառներով նոր ցեղասպանության վտանգի:

«Ժառանգություն» կուսակցությունը սատարում է ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ միանշանակ դատապարտելու Թուրքիայի թշնամական քաղաքականությունը Սիրիայի հանդեպ, որը հակասում է միջազգային հարաբերությունների ընդունված նորմերին: Նման քաղաքականությունը տարածաշրջանային անվտանգության բռնախախտում է, Սիրիայի՝ հարձակման տարածքում բնակվող ազգային և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում հայ բնակչության քաղաքացիական և մարդկային իրավունքների կոպիտ ոտնահարում: Թուրքիայի ռազմական ագրեսիան արդեն պատճառ է դարձել մարդկանց տարհանումների, մարդասիրական նոր ճգնաժամի:

«Ժառանգությունն» ակնկալում է, որ ՀՀ կառավարությունը հետևողական կլինի միջազգային պատկան ատյաններում թուրքական ագրեսիան ոչ միայն դատապարտելու, այլև հարձակման ենթարկված խաղաղ բնակչության շահերը պաշտպանելու ուղղությամբ: Ստեղծված իրողությունների ներքո մեր արտաքին քաղաքական պատասխանատու շրջանակները պետք է շատ ավելի նախաձեռնողական գործունեություն ծավալեն Թուրքիայի ռազմական ագրեսիան կանխելու, ինչպես նաև  վերջինիս  նկատմամբ Արաբական աշխարհի և Արևմուտքի կողմից կիրառվող քաղաքական և տնտեսական պատժամիջոցները էլ ավելի խստացնելու համար:

«Ժառանգությունը» համոզված է, որ Ցեղասպանություն տեսած հայ ժողովրդի բոլոր հատվածների իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև խաղաղ համակեցության մարդու և ազգերի իրավունքի պաշտպանությունը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքը, որին համախումբ պետք է զորակցեն կոչված և՛ հայաստանյան դիվանագիտական, քաղաքական ու հասարակական, և՛ սփյուռքյան կառույցները՝ աջակցելով Սիրիայի ինքնիշխանությանը և միասնությանը:

«Ժառանգություն» կուսակցություն

Տեսանյութեր

Լրահոս