«Ուզում էին Փաշինյանին տապալել և Վանեցյանին վարչապետ կարգել». Վարուժան Ավետիսյան
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսին անդրադառնալով ԱԱԾ-ի կազմաքանդմանը և անվտանգության ազգային համակարգի ստեղծմանը՝ նշեց, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի անձով երևակված դավադրական պլան էր նախապատրաստվում, և՝ ոչ միայն:
168.am-ը Վարուժան Ավետիսյանից հետաքրքրվեց, թե կոնկրետ ի՞նչ դավադրության մասին է խոսքը:
«Դավադրությունն այն էր, որ Նիկոլ Փաշինյանին տապալեին և ամեն ինչ անեին, որպեսզի Արթուր Վանեցյանը դառնար վարչապետ, և Կրեմլից ուղիղ կառավարեին Հայաստանը: Ինչը ենթադրում էր՝ նախկին մերժված տականքին կրկին հետ վերադարձնել, և, բնականաբար, մեր ժողովրդի ու պետության նկատմամբ հաշվեհարդար տեսնելու դավադրական ծրագրի մասին է խոսքը: Վանեցյանն ինքն իր ճակատագրի տերը չէ, խոսքը նրա անձի մասին չէ, ժամանակավոր պաշտոնակատարն էլ է այդ կատեգորիայի: Նրանք այնքան են խորացել այդ համակարգի մեջ, որ այն կերել է իրենց անձը»,- շեշտեց Վարուժան Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ ԱԱԾ որևէ ղեկավար ոչինչ չի կարող անել, նրանցից միայն պետք է ձերբազատվել, ասինքն՝ արգելքների միջոցով թույլ չտալ, որպեսզի իրենք չմոտենան պետական համակարգին:
«Պետությունը վարակված է, այն քաղցկեղից պետք է մաքրել»,- ընդգծեց նա:
Զվարթ Խաչատրյան