«Հանձնարարական կա՝ քննարկելու, թե ինչպես ենք ապահովելու Սիրիայում ապրող հայերի անվտանգությունը». Անվտանգության խորհրդի քարտուղար
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Կառավարության փակ նիստում քննարկել են Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, և իրենց ուշադրության կենտրոնում են սիրիական այն համայնքները կամ քաղաքները, որտեղ կա հայ բնակչություն։
«Այս պահին հանձնարարական կա՝ քննարկելու ու հասկանալու, թե ինչպես ենք կարողանալու ապահովելու այն հայերի անվտանգությունը, որոնք ապրում են Սիրիայում, նաև հասկանալու, թե ինչպիսի օգնություն ենք կարողանալու ցուցաբերել։ Այստեղից վերադառնալուց հետո Անվտանգության խորհրդի գրասենյակում ավելի մանրամասն ծրագիրը կմշակենք և օրվա ավարտին ավելի հստակ քննարկումներ կունենանք»,- Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբին, Արմեն Գրիգորյնաը տեղեկացրեց՝ բնական է, որ Սիրիայում տեղի ունեցող ընդհանուր զարգացումները նրանց աշխատանքների վրա ազդում են, սակայն այս պահին նրանց անվտանգության առումով լուրջ մարտահրավերներ չկա։
«Հումանիտար առաքելությունը, որը գտնվում է Սիրիայում, անհանգստանալու որևէ խնդիր չունենք իրենց մասով։ Միանշանակ՝ նրանք ռազմական գործողություններում չեն ներգրավվելու»,- եզրափակեց Արմեն Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական գործողություն անցկացնելու մասին՝ նպատակ ունենալով ստեղծել բուֆերային գոտի, ուր, Անկարայի մտահղացմամբ՝ կտեղափոխվեն Թուրքիայի տարածքում ապաստանած փախստականները
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան



