«Ալիևը չի կարող կիրթ լինել, նա ինֆորմացված է, բայց կիրթ չի». Արկադի Կարապետյան (Ագո)
Որևէ մարդ, ով ունի հանրային նշանակություն, հանրային մարդ է, իր խոսքը լսելի է, և կարողանում է ինչ-որ խոսք ասել ժողովրդին՝ պիտի շատ լուրջ լինի, իր խոսքերում իմաստուն և խելացի, որ կարողանա իր խոսքով մարդկանց համախմբել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Ագո)՝ անդրադառնալով Վիտալի Բալասանյան-ՀՀ իշխանություններ «փոխհրաձգությանը»:
Հիշեցնենք, որ Livenews.am-ի հետ հարցազրույցում Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով հայաստանյան իրադարձություններին և այժմ տարվող քաղաքականությանը, ասել է, որ «դա հեղափոխություն չէր, դա իշխանության բռնազավթում էր»։
«Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է. մեկը՝ զենքով, մյուսը՝ գրիչով իշխանությունը բռնազավթել են: Բարձրաձայն եմ ասում, թող Նիկոլի հպարտ քաղաքացիները լսեն, համայն հայությունն էլ լսի և րոպե առաջ քայլ անի: 2016 թվականին ներեցինք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ, որ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իմ, մեր ժողովրդի, մեր պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ»,- հայտարարել է Բալասանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու «Սասնա ծռեր» խմբի մասին։
Նրան արձագանքել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ասելով. «Վիտալի Բալասանյանն իրեն պահում է՝ որպես խուլիգան, այլ ոչ թե՝ Արցախի նախագահի թեկնածու: Ամեն անգամ Ստեփանակերտում Սերժ Սարգսյանի հետ խմբակային հանդիպումներից հետո Վիտալի Բալասանյանի մոտ սրացումներ են սկսվում, որոնք ավելի շատ շեղումներ են հիշեցնում: 2016 թվականից իր քաղաքական կարիերան Սերժ Սարգսյանի հետ կապած Բալասանյանը հայտնվելու է քաղաքական աղբանոցում, որտեղ գտնվում է իր առաջնորդը: Ղարաբաղցիներն իմաստուն մի խոսք ունեն` լուզուն՝ էրկան, գոդը` տերտակ»:
«Այն գաղափարը, որ ամեն տեղ հնչում է՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնություն, որ մեր ուժը մեր միասնության մեջ է, այդ ամեն ինչը պետք է այդ լույսի ներքո արվի: Վիտալի Բալասանյանը երևույթ է, ինքը սադրիչ երևույթ է: Այդ երևույթը հա՛մ այստեղից՝ Արցախի Հանրապետությունից կա, հա՛մ՝ ՀՀ-ից: Ի դեպ, ղարաբաղցին էլ է հայ, և մեր միասնությունը պետք է ապահովվի: Այս սադրանքները, հայտարարությունները, որ իրենց «լավ տղու» տեղ են դնում, ուղղորդված է: Պարզ է՝ դրսից»,- նշեց նա:
Մեր ճշգրտմանը՝ երկու կողմից էլ՝ Կարապետյանն ասաց. «Ես համարում եմ՝ այո: Ով սադրում է, դա մեզնից չի, դրսից է: Եթե իր խոսքը միասնություն, խաղաղություն չի բերում, ուրեմն՝ դրսից է: Կամ էլ՝ այդ մարդն իրավունք չունի ժողովրդի հետ խոսելու»:
Իսկ հարցին, թե ինչպես է գնահատում «Սասնա ծռերի» գործողությունները և մտադրությունները Արցախի հետ կապված՝ Արկադի Կարապետյանը պատասխանեց. «Վերջերս Արա Պապյանը մի բան ասաց, թե ապրիլյան պատերազմի 101 զոհից մի հոգին է ղարաբաղցի եղել: Այդ մարդը տեղյակ չի՞, թե քանի ղարաբաղցի է զոհվել՝ մինիմում 25 տոկոսը ղարաբաղցի է եղել: Նման բան է ասել, որն էլի սադրանք է: Հիմա նախորդ հարցին անդրադառնալով՝ շարունակեմ՝ ոչ մեկը սուրբ չէ, ոչ մի կոչում այդ հրեշտակությունը չի տալիս, հատկապես, երբ գիտենք, թե այդ կոչումներն ինչպես են տրվում: Ես, առհասարակ, այդ կոչմանը դեմ եմ: Սուրբը միայն Աստված է, և եթե մարդ մի լավ բան է արել, օգուտ տվել, պետք է խրախուսել, բայց չպետք է տալ մի կոչում, որին ինքը չի համապատասխանում: Պետք է լինել զուսպ, համեստ, խելամիտ՝ իմանալով խոսքի արժեքը, որովհետև երբ խոսքն ասվում է, մարդ կա՝ հավատում է, և սա չի բերում միասնականության, մեր ուժը պակասում է»:
Մեր հակադարձմանը, որ ՀՀ նոր իշխանության օրոք տարաձայնություններ են եղել նաև Արցախի ղեկավարության հետ, գուցե նախկինում էլ է եղել, բայց չի բարձրաձայնվել, և արդյոք Արցախի խնդրի շուրջ են դրանք եղել, մեր զրուցակիցը նշեց, որ Արցախի խնդիրն ինչպես կա, այնպես էլ մնացել է: «Այստեղ ուրիշ խնդիրներ կան, որ չգիտենք: Եթե Ղարաբաղի շուրջ է, ապա Փաշինյանն այնպիսի բան չի ասել, որ իրենից առաջ ասած չլինեն: Ավելին, ասել է՝ Արցախը Հայաստան է, և վերջ»,- ընդգծեց նա:
Հիշեցմանը, որ Փաշինյանն ասել է նաև, որ Արցախի խնդիրը լուծելու մանդատ չի ստացել Արցախի ժողովրդից՝ ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատարը շեշտեց, որ դա եղել է վերջին հայտարարությունից առաջ, երկրորդ՝ այդ արտահայտությունը ոչ մի վնաս չի բերում մեզ:
«Ինչ փաստաթուղթ մինչև այսօր ընդունվել է Ղարաբաղի հարցով, ոչ մի օգուտ չի տվել՝ Կազանյան, Մադրիդյան, ո՞րն է դրանից մեզ ձեռնտու: Ոչ մեկն էլ ձեռնտու չի: Ասածս այն է, որ այդ պրոցեսում ոչ մի բան չի փոխվել: Այնպես չի, որ մեր հարցերը լուծվում էր, Փաշինյանը եկավ, չի լուծվում: Մենք հաղթանակել ենք նույնիսկ երկու պատերազմում, բայց մենք մեր հաղթանակներից վախենում ենք՝ թե էն իշխանությունը, թե նոր: Երբեմն նորերը մի բան գոնե ասում են»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ հաղթանակի հասել են ոչ թե դիվանագիտական փաստաթղթերի, այլ ժողովրդի միասնության շնորհիվ:
Հիշեցմանը, որ Նիկոլ Փաշինյանը Ալիևին նաև կիրթ է որակել՝ Արկադի Կարապետյանը պատասխանեց. «Ալիևը չի կարող կիրթ լինել, նա ինֆորմացված է, բայց կիրթ չի: Ես կասեի՝ մարդկային կերպարանք չունի, այլապես Սաֆարովին հերոսի կոչում չէր տա: Ինքը զուրկ է համամարդկային արժեքներից»:
Մարիամ Պետրոսյան