«Ո՛չ «Սիլ Գրուպը», ո՛չ Խաչատուր Սուքիասյանն առնչություն չունեն ձեռք բերված աղբատար մեքենաների գնման հետ». մամուլի խոսնակ
Երևանի քաղաքապետարանը քաղաքի աղբահանության հարցի լուծման համար ստեղծեց «Երևանի աղբահանության ու սանմաքրման համայնքային հիմնարկ»՝ այն համալրելով մեծ ու փոքր աղբատար մեքենաներով և համապատասխան աշխատակիցներով:
168.am-ի տեղեկություններով՝ աղբահանության ճգնաժամի մեջ գտնվող Երևանի քաղաքապետարանին այդ աղբատար մեքենաները ձեռք բերելու հարցում օգնել է «Սիլ Գրուպ» կոնցեռնի ղեկավար Խաչատուր Սուքիասյանը։
Ըստ մեր աղբյուրի՝ Սուքիասյանն աղբատար մեքենաներ գնելու համար ֆինանսական աջակցություն է հատկացրել։
Մեր տեղեկությունը փորձեցինք ճշտել Խաչատուր Սուքիասյանից. վերջինիս հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ մամուլի խոսնակը հարցի վերաբերյալ նշեց. «Ո՛չ «Սիլ Գրուպը», ո՛չ Խաչատուր Սուքիասյանը որևէ առնչություն չունեն Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված աղբատար մեքենաների գնման հետ»։
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ