Հարյուրավոր էկոակտիվիստներ փակել են կամուրջները Բեռլինի կենտրոնում
Extinction Rebellion («Ապստամբություն բնաջնջման դեմ») բնապաշտպան շարժման ակտիվիստները շարունակում են արգելափակել Գերմանիայի մայրաքաղաքի փողոցները՝ պահանջելով ավելի վճռական միջոցներ ձեռնարկել կլիմայի պաշտպանության բնագավառում: Հոկտեմբերի 9-ի առավոտյան նրանք փակել են Բեռլինի Մարշալ-Բրյուկե կամուրջը, որը տանում է դեպի Բունդեսթագի (խորհրդարանի), ֆեդերալ կանցլերի գերատեսչության շենքեր, ինչպես նաեւ դեպի «Շարիտե» կլինիկա։
Ավելի ուշ նրանք արգելափակել են բանուկ փողոցի Մյուլենդամ կամուրջը, որը տանում է դեպի Ալեքսանդերպլաց նշանավոր հրապարակ: Այդ մասին իրադարձությունների վայրից հայտնելէ ՏԱՍՍ-ի թղթակիցը: Նրանք նստել են ճանապարհի վրա եւ պլակատներ պարզել: Բեռլինում ընթացող բողոքի ակցիաների պատճառով հոկտեմբերի 9-ին սպասվում են տրանսպորտային հաղորդակցության հետ կապված զգալի խափանումներ: Այսօր ավելի վաղ ԳԴՀ-ի կառավարությունն օրինագծերի փաթեթ է ընդունել կլիմայի պաշտպանության բնագավառում:
Իշխանությունները ձգտում են մինչեւ 2030 թվականը երկրի տարածքում ջերմոցային գազերի արտանետումները 1990 թվականի համեմատությամբ կրճատել 55 տոկոսով: Մինչեւ 2050 թվականը Գերմանիան, նախարարների կաբինետի պլանների համաձայն, պետք է չեզոք դառնա երկրի կողմից ջերմոցային գազերի արտանետումների տեսակետից: