Բաժիններ՝

10 խորհուրդ` չինական բժշկությունից

1. Մի մոռացիր անկեղծորեն ժպտալ ու սիրտդ սիրով լցնել: Այն հիանալի միջոց է ընդդեմ բոլոր հիվանդությունների:

Երբ դու տխուր ես, բարկացած, ճնշված ու լաց ես լինում կամ նյարդայնանում, քո օրգանիզմը սկսում է թույներ արտադրել: Իսկ երբ ուրախ ես ու երջանիկ, լինում է հակառակ պատկերը` օրգանիզմում սկսում է արտադրվել բուժիչ հեղուկ:

Գաղտնիք չէ, որ այսօր մենք ապրում ենք անհանգիստ կյանքով: Շատերն իրենց աշխատանքային օրն ավարտում են գլխացավով, ու դա համարվում է սովորական երեւույթ: Այն տագնապը, որ զարգանում է եւ՛ մեր ներսում, եւ՛ մեր շուրջը, անհապաղ պետք է վերացնել: Անհրաժեշտ է միայն սովորել, որ, երբ բարդ իրավիճակ է ստեղծվում, ինչ էլ լինի` թույլ չտանք, որ այն մեզ կլանի: Դրա համար պետք է շատ ժպտալ: Այս պարզ ժեստի շնորհիվ, աշխարհն, ասես, փոխվում է, եւ այն, ինչ սպառնում էր վերածվել անախորժության` անհետանում է: Սկզբում հավանաբար դժվար կլինի գնահատել ներքին ժպիտի հետեւանքները, բայց ժամանակի ընթացքում այն կդառնա քո կյանքի անբաժանելի մասնիկը: Որտեղ էլ լինես՝ ժպտա, թուլացիր, սիրով լցվիր: Դա շատ օգտակար է: Այս դեպքում անհաջողությունները կհալչեն՝ ինչպես սառույցն արեւից:

2. Պետք է քիչ խոսել։

Լավ մտածիր, թե ինչ ես խոսելու, երբ, ինչպես, որտեղ: Արժեքավոր է տեղին եւ ժամանակին ասված խոսքը, իսկ իմաստուն լռությունը պահպանում է կենսական էներգիան` Ցին:

3. Քիչ անհանգստացիր եւ շատ գործիր։

Քիչ մտածիր ապագայի եւ անցյալի մասին, քանի որ հենց դրանք են ծնում անհանգստության պատճառներ, իսկ փոքրիկ անհանգստությունն անգամ սթրեսի պատճառ կարող է դառնալ: Դրա փոխարեն՝ փորձիր կենտրոնանալ` զարգացնելով քո մեջ օգնելու եւ ներելու ունակությունները:

4. Պետք է զարգացնել մտքի ուժը։

Արեւելյան լեզուներից շատերում, ինչպես եւ՝ չինարենում, միտք եւ սիրտ հասկացություններն արտահայտվում են նույն բառով: Երբ մարդը հասնում է այն մակարդակին, երբ այլեւս ինքն իր վրա սեւեռված չէ ու կարողանում է մոռանալ իր անձի մասին, ստանում է հիվանդություններից ազատվելու միջոցներ:

5. Կառավարիր սեռական հակումներդ եւ թույլ մի տուր, որ դրանք կառավարեն քեզ։

Առհասարակ կյանքում ամեն ինչն էլ պետք է չափավոր լինի, այս դեպքում` նաեւ սեռական կյանքը: Սեռական մեծ ակտիվությունը կտրուկ նվազեցնում է մարդու կենսական էներգիայի պաշարը եւ վատթարացնում կենտրոնանալու ունակությունը: Սեռական ցանկությունն առաջանում է զգայարանների միջոցով ու գրգռում է միտքը: Անհրաժեշտ է կառավարել զգացմունքներն ու ցանկությունները:

6. Պետք է լավ պահել գլուխն ու տաք պահել ոտքերը։

Գլխին պետք է «հարգանքով» վերաբերվել: Այն Աստծո եւ մտքի տաճար է, որը կառավարում է բոլոր օրգանները: Գոյություն ունի մի կանոն. «Գլուխը զով պահիր, իսկ ոտքերը` տաք»: Այս ձեւով կխուսափենք գլխում մեծաքանակ էներգիայի կուտակումից, ինչը կարող է վատ զգացողության կամ հիվանդության պատճառ դառնալ: Երբ չափազանց շատ էներգիա է գնում դեպի գլուխը, կարող է բարձրանալ արյան ճնշումը: Մինչդեռ այդ էներգիան տեղափոխելով ոտնաթաթերը` կկարողանաք իջեցնել արյան ճնշումը, իսկ հետեւելով, որ ոտքերը տաք լինեն, կկանխեք սրտի նոպաները:

7. Շատ կարեւոր է պարանոցը տաք պահել։

Պարանոցով են անցնում բազմաթիվ անոթներ ու նյարդեր, որոնք գնում են դեպի գլուխը: Պետք չէ չափազանց լարված նայել կամ լսել: Զգայական օրգանների ակտիվ ու լարված աշխատանքը կարող է տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ: Կյանքը երկարացնելու եւ հիվանդություններից խուսափելու համար չինական բժշկությունը խորհուրդ է տալիս օրվա ընթացքում հաճախակի կատարել թուքը կուլ տալու վարժությունը:

8. Սնվելու փիլիսոփայությունը։

Պետք չէ այնքան ուտել, որ հարկադրված լինեք պառկել կամ նստել, դա կրճատում է մարդու կյանքը: Սեղանից պետք է վեր կենալ կիսակուշտ վիճակում ու չմոռանալ զբոսանքի մասին: Երբեք չի կարելի ուտել քնելուց առաջ: Կարելի է ուտել քիչ, բայց հաճախակի: Այս դեպքում մարսողությունն ավելի հեշտ տեղի կունենա: Սկզբում պետք է ուտել տաք ճաշատեսակները, ապա՝ գոլ, իսկ ուտելուց առաջ միշտ հարկավոր է խորը շունչ քաշել ու մի քիչ օդ կուլ տալ: Առավելապես կծու ճաշատեսակները պետք է ուտել գարնանը, թթուն` ամռանը, դառը` աշնանը, իսկ սակավ աղին` ձմռանը: Եթե ամեն դեպքում չարաշահել եք ուտելը, չի կարելի շատ ջուր խմել, իսկ խմելիս էլ պետք չէ արագ կուլ տալ: Սովորաբար դժվարամարսությունն առաջանում է երկար քաղցած մնալուց հետո միանգամից կուշտ սնվելու դեպքում: Չի կարելի դատարկ ստամոքսին հում մրգեր ուտել, իսկ հում բանջարեղենն էլ փչացնում է մաշկի գույնը:

9. Պահպանել չափը։

Չափազանց երկար քայլելը վնաս է հոդերին, շատ երկար նստելը վնասում է մկաններին, չափազանց երկար կանգնելը` ոսկորներին, չափազանց երկար պառկելը` կենսական էներգիային, երկար դիտելը` արյանը: Զայրույթը, տխրությունը եւ մելամաղձոտությունը վնասակար են, ինչպես մեծ ուրախությունն ու զվարճանքը: Վնասակար է տառապելն ու սեռական պահանջները երկար զսպելը: Մի խոսքով` վնասակար է այն, ինչը չափի մեջ չէ:

10. Տարվա եղանակներն ու առողջությունը։

Ինչպես նշեցինք, ձմռանը պետք է հետեւել, որ ոտքերը տաք լինեն, իսկ գլուխը` զով: Գարնանն ու աշնանը պետք է թողնել, որ երկուսն էլ զովություն զգան: Երբ հիվանդ եք ու քրտնում եք` չի կարելի սառը ջուր խմել, դա քայքայում է սիրտն ու ստամոքսը: Գարնանն ու ամռանը պետք է պառկել գլխով դեպի արեւելք, իսկ աշնանն ու ձմռանը` դեպի արեւմուտք: Լավ է քնել կողքի վրա, ոտքերն էլ ներս ծալած: Քնելու այս դիրքը մեծացնում է կենսական էներգիայի պաշարը: Առավոտյան, կեսօրին, երեկոյան պետք է լավ լվանալ ատամներն ու ողողել բերանը յոթ անգամ: Այն կերկարացնի մարդու կյանքը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս