«Ցավում ենք, որ ԵԽ հայաստանյան գրասենյակը կարող է նման կերպ թյուրիմացության մեջ գցել կրթական հաստատությանը, և խախտելով բոլոր պայմանավորվածությունները՝ իրականացնել սեփական շահերից բխող գործունեություն». ՀՊՄՀ
Երեկ Մանկավարժական համալսարանում կայացած միջոցառում-թրեյնինգի ժամանակ ուսանողներին առաջարկել են մասնակցել ընտանեկան բռնության մասին անանուն մի հարցման, որի ժամանակ իրենց բաժանված թեստերին կցված թղթապանակներում եղել են «Ստամբուլյան կոնվենցիային» վերաբերող նյութեր: Ուսանողների շրջանում դա մեծ դժգոհություն է առաջացրել, քանի որ նրանք մտավախություն ունեն, որ իրենց հարցումները կարող են օգտագործվել ի նպաստ «Ստամբուլյան կոնվենցիայի» ընդունման, և միջոցառման կազմակերպիչները, ըստ թեստերի արդյունքների, կարող են պնդել, թե երիտասարդները կողմ են դրա ընդունմանը: Այս մասին ուսանողներն ահազանգել են իրավաբան Վահե Գրիգորյանին, ով ֆեյսբուքյան իր էջում տարածել էր ուսանողների կողմից իրենց ուղղված նամակները՝ փակելով անուն-ազգանուններն ու
նկարները: Ուսանողներից մեկը գրում է.
?❗Ստամբուլյան կոնվենցիայի կողմնակիցները կրկին ակտիվացել են: ?❗Հարգելի քաղաքացիներ, Ինձ են դիմել մանկավարժական…
Gepostet von Վահե Գրիգորյան am Montag, 7. Oktober 2019
«Մանկավարժական համալսարանում միջոցառում էր կազմակերպվել, որին մասնակից եղա նաև ես: Ստորագրեցի մի փաստաթուղթ, ըստ որի՝ համաձայնություն եմ հայտնում մասնակցել անանուն հարցմանը՝ հետագա հետազոտություն կատարելու համար (չմանրամասնեցին՝ ինչ, ասացին՝ թեզի համար է), ստորագրեցի, տվեցին մի թղթապանակ, որը մանրամասն ուսումնասիրելուց հետո հասկացա, որ այն նպաստում է Կոնվենցիայի վավերացմանը: Փոքրիկ բեմադրություն տեղի ունեցավ բեմում, բավական սրտառուչ և հուզմունքով լի, որից հետո մեզ բաժանվեցին թեստեր՝ կապված ընտանեկան բռնության հետ, որոնք պետք է լրացնեինք: Շատ իրարամերժ, հակասական պատասխաններ կային, մենք պետք է նշեինք միայն «Այո», «Ոչ», «Դժվարանում եմ պատասխանել»: Թեստը կրկնեցին երկրորդ անգամ և ասացին, որ էսսե գրենք: Փոքրիկ ակնարկ գրեցինք, և ամեն ինչ ավարտվեց: Հիմա ինձ մտահոգում է այն, որ ես չգիտակցված կամ որևէ հուզական վիճակում ստորագրել եմ՝ չգիտեմ կողմ թե դեմ դիրքորոշմամբ, որովհետև հստակ ոչինչ չկար, միայն ասում էին, որ ունեն ռեկտորի և դեկանի թույլտվությունը»:
Իրավաբան Վահե Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում ասաց՝ ուսանողներն իրեն պատմել են, որ հսկողություն է եղել իրենց նկատմամբ, որ բոլորը գան, ներկա լինեն միջոցառմանը:
«Երեկ երեկոյան Ֆեյսբուքով ինձ դիմել է շուրջ 5 ուսանող, անունները հասկանալի պատճառներով չեմ կարող հրապարակել: Ուսանողներն ինձ պատմել են, որ կազմակերպվել է միջոցառում, որը, եթե չեմ սխալվում, ներկայացվել է՝ որպես միջազգային ծրագիր Օտար լեզվի և բանասիրության ֆակուլտետի ուսանողների համար: Իրենք հասկացել են, թե ինչ է կատարվում միայն թեստերը ստանալուց հետո, դրանց կցված հարմարանքների վրա գրված է եղել՝ «Աջակցենք Ստամբուլյան կոնվենցիային»: Ուսանողներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել: Բողոքի ձայնը, ինչպես ես հասկացա, բարձրացվել է արդեն դեպքը տեղի ունենալուց հետո, ուսանողներն ասում են` հսկողություն է եղել իրենց նկատմամբ, որ բոլորը գան, ներկա լինեն, և ակնհայտ մոլորության պայմաններում են ուսանողները մասնակցել այդ միջոցառմանը: Իրենց մտահոգությունն այն է, որ կարող է այդ պայմաններում իրենց լրացրած թեստը հետագայում օգտագործվել այն նպատակով, որ ասեն, թե ուսանողությունը կողմ է «Ստամբուլյան կոնվենցիայի»վավերացմանը»:
Մեր հարցին, թե ո՞րն է նման միջոցառման կազմակերպման նպատակը, Վահե Գրիգորյանը պատասխանեց, որ սա, իրոք, կարող է օգտագործվել՝ տպավորություն ստեղծելու համար, թե հայ երիտասարդությունը կողմ է Կոնվենցիայի վավերացմանը:
«Սրա նպատակը որոշ անձանց կողմից այնպիսի տպավորության ստեղծումն է, որ ուսանողությունը կողմ է «Ստամբուլյան կոնվենցիայի» վավերացմանը, բայց այս բողոքի ձայնն ակնհայտորեն ցույց է տալիս, որ նրանք դեմ են դրան: Ես պաշտոնական պարզաբանումներ եմ սպասում Մանկավարժական համալսարանի ղեկավարությունից, քանի որ ուսանողների կողմից ներկայացվում է, որ ուսումնական հաստատության ղեկավարությունը աչալուրջ հետևել է, որ բոլորը ներկա լինեն»,- ասում է նա:
Վահե Գրիգորյանն այս ամենը հանրայնացնելով՝ նպատակ ունի կանխել դրա հետագա տարածումը.
«Նպատակս հանրության իրազեկվածությունն է և նմանատիպ դեպքերի խստիվ դատապարտումն ու արգելումը. ոչ մի ուսանող չպետք է մոլորության պայմաններում մասնակցի մի հարցման, որի արդյունքները հակասում են իր կարծիքի արտահայտման սահմանադրական ազատությանը: Սրա համար մեղավոր են բոլոր նրանք, ովքեր կազմակերպել են ու մոլորության մեջ են գցել ուսանողությանը»:
168.am-ը զանգահարեց ՀՊՄՀ լրատվության և հանրության հետ կապերի վարչություն, ինչին ի պատասխան՝ նրանք մեզ ուղարկեցին պարզաբանում, որն առանց խմբագրման ներկայացնում ենք ստորև: Վարչությունից պնդում են, որ ՀՀ-ում ԵԽ գրասենյակի կողմից խախտվել է նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը:
«Սոցիալական ցանցերով տեղեկատվություն տարածվեց, որ Մանկավարժական համալսարանում իրականացվել է «Ստամբուլյան կոնվենցիան» քարոզող միջոցառում: Իրականում միջոցառումը ոչ մի կապ չուներ Կոնվենցիայի հետ և ոչ մի բառ չի հնչել Կոնվենցիայի մասին:
Միջոցառման պայմանավորվածություն իսկապես եղել է Մանկավարժական համալսարանի ղեկավարության և ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի միջև: Սակայն բոլորովին այլ բովանդակությամբ: Հանդիպումը անցկացվել է բաց, դրա մասին տեղեկատվություն կա ՀՊՄՀ կայքում:
Պայմանավորվածոթյունը եղել է գիտական հետազոտության նպատակով իրականացվող թրեյնինգի վերաբերյալ: Հարցաթերթում հիմնական հարցերը հաշմանդամություն և հասարակությանը ինտեգրման խնդիրներ ունեցող մարդկանց վերաբերյալ էին: Պետք է ուսանողները լրացնեին հարցաթերթիկ, ապա դիտեին բեմադրություն, որից հետո նորից լրացնեին հարցաթերթիկ: Սրանով, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է պարզվեր բեմադրության ազդեցությունը ուսանողների վրա, ինչը ոչ մի կերպ չէր կարող հեռավոր կապ անգամ ունենալ Կոնվենցիայի հետ:
Սակայն միջոցառման ընթացքում տեղի է ունեցել պայմանավորվածության կոպիտ խախտում, ու թեև բառացի ոչ մի անգամ չի հիշատակվել «Ստամբուլյան կոնվենցիա» բառակապակցությունը, այնուամենայնիվ, բաժանվել են նյութեր, մասնավորապես՝ Կոնվենցիայի վերաբերյալ հարց ու պատասխաններ:
Տարածվող տեղեկատվության մեջ կան անճշտություններ, որ իբր ստորագրությունները հավաքվել են՝ որպես Կոնվենցիային կողմ ձայներ, և այլն: Նման բան չկա: Բայց տեղի է ունեցել անթույլատրելին:
Մանկավարժական համալսարանը ցավում է, որ Եվրոպական հեղինակավոր կառույցի հայաստանյան գրասենյակը կարող է նման կերպ թյուրիմացության մեջ գցել կրթական հաստատությանը և խախտելով բոլոր պայմանավորվածությունները՝ իրականացնել սեփական շահերից բխող գործունեություն:
Մենք հայցում ենք բոլոր այն ուսանողների ներողամտությունը, որոնք իրենց համարում են որոշակիորեն տուժած այս միջոցառումից: Կոնվենցիայի հանդեպ ցանկացած վերաբերմունք կարող են ունենալ ուսանողները, բայց հաստատությունը, ղեկավարությունը ոչ մի դեպքում իրավունք չունեն ազդել նրանց ընտրության, կամարտահայտության վրա: Սա դեմ է Մանկավարժական համալսարանի սկզբունքներին: Այս պարզաբանումը օգտակար է նաև մյուս հաստատությունների համար, որոնք կարող են հետագայում հայտնվել նման ծուղակներում:
ՀՊՄՀ Լրատվության և հանրության հետ կապերի վարչություն»,- ասված է պարզաբանման մեջ:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ