Հեռուստաաշտարակի 37 միլիոնանոց լուսավորության համակարգը Երևանի քաղաքապետարանը նվիրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը և «Հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ին
Երևան համայնքի սեփականություն համարվող գույքն այսօր Երևանի ավագանու որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով 3 տարի ժամկետով տրամադրվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։
Ներկայացվող նախագծով առաջարկվում է Երևանի Սասունցի Դավթի փողոցում գտնվող վարչական շենքի երկրորդ հարկի 39 քմ տարածքը տալ նախարարությանը։
Ըստ նախագծի հիմնավորման՝ տարածքը նախկինում զբաղեցվել է Վիճակագրական ծառայության Էրեբունու ստորաբաժանման կողմից, սակայն ներկայումս այն չի օգտագործվում, իսկ այդ տարածքի բնակչությանը որակյալ սոցիալական ծառայություն մատուցելու համար առաջարկվում է այն տրամադրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։
Ավագանու մեկ այլ որոշմամբ՝ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող 37 միլիոն 247 հազար դրամ մնացորդային արժեքով Երևան քաղաքի 308 մետր բարձրությամբ հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորության համակարգը նվիրաբերվեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը և «Հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ին։
Ըստ նախագծի հիմնավորման՝ այդ սարքավորումները տեղադրվել են դեռևս 2011 թվականից, բայց մինչ օրս չեն սպասարկվել, այս տարիների ընթացքում լուսավորման սարքերը շարքից դուրս են եկել, իսկ նշված գերատեսչությունները հայտնել են պատրաստակամություն, որ, եթե այդ գույքը հանձնվի իրենց, ապա իրենք կիրականացնեն դրանց սպասարկումը։
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք հնարավոր է որևէ պայմանագրով ամրագրել, որ հեռուստաաշտարակի լույսերը չօգտագործվեն ինչ-որ ընկերությունների գովազդների համար։
Ի պատասխան՝ Հայկ Մարությանը նշեց, որ պայմանագրով կնշվի՝ եթե քաղաքապետարանը որոշի, որ գովազդի համար այն չպետք է օգտագործել, չի օգտագործվի, իսկ եթե որոշվի, որ կարող է, ապա դա կամրագրվի պայմանագրում։
«Որովհետև այդ գովազդը մեր քաղաքին գումար է բերելու»,- ասաց Մարությանը։
Նախագծերն ընդունվեցին։
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ