«Բանակցային գործընթացն այսպիսի հայտարարություններից հետո հայտնվել է փակուղային իրավիճակում». Գագիկ Մինասյան
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը համոզված է, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում խնդիրներն ակնհայտ են՝ առկա է սրացում, որի մասին վկայող բազմաթիվ ազդակներ կան. «Ազդակներից մեկը վերջին ժամանակներում արդեն Հայաստան-Ադրբեջան (ոչ թե հայ-ադրբեջանական) սահմանին վիրավորների և զոհի առկայությունն է, երկրորդը՝ Ադրբեջանի կողմից հռետորաբանության կոշտացումը. վերելակային դիվանագիտությունից հետո առկա մեղմացումը վերացել է, բայց ավելի վտանգավոր մի բան կա՝ համանախագահող երկրները չեն հասկանում այն փոփոխությունների տրամաբանությունը, որն առաջարկում է Հայաստանի իշխանությունը»:
Գ. Մինասյանն անդրադարձավ նաև Ստեփանակերտը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու և երեք կողմերի համար ընդունելի լուծում գտնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որոնք, ըստ նրա, խոցելի են:
«Ինքը, ըստ էության, հեռացավ այն կոնցեպտից, որը ձևավորվել էր տարիների ընթացքում. դա Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքներն էին, և հատկապես՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի գերակայությունը: Ներկայացված փաստաթղթերում արձանագրվում էր, որ Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությունն ինքն ինքնուրույն պետք է որոշի իր ճակատագիրը, և այդ փաստաթուղթը պետք է պարտադիր իրավական ուժ ունենա բոլորի համար, այդ թվում՝ Ադրբեջանի: Այստեղ կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության մեջ էր, Հայաստանը կոնֆլիկտի կողմ չէր, բայց Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում, իր մոտեցմամբ արձանագրեց, որ Հայաստանը ևս կոնֆլիկտի կողմ է. սա չափազանց վտանգավոր պնդում է»,- ասաց նա:
Բանախոսը նկատեց, որ նման հայտարարություններով փոխվում է կոնֆլիկտի տրամաբանությունը՝ ազգերի ինքնորոշման իրավունքից տեղափոխվելով տարածքային ամբողջականության դաշտ:
Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի լուծման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն անդրադառնալով՝ նշեց. «Սկուտեղի վրա ադրբեջանցիներին մատուցվում է այն, ինչի համար նրանք տարիներ շարունակ պայքարում էին»:
Գ. Մինասյանն ասաց, որ նման իրավիճակում սրացումներն անխուսափելի են. «Ես կարծում եմ, որ սա պատահական չի արվում իշխանությունների կողմից, նրանք կարծում են, որ խնդիրը պետք է արագ լուծման գնա: Բոլորն այսօր արձանագրում են, որ բանակցային գործընթացն այսպիսի հայտարարություններից հետո հայտնվել է փակուղային իրավիճակում, և այս իրավիճակում զարգացումներ կարող են լինել միայն ռազմական ձևով»:
Զարուհի Դիլանյան