«Անկախ զենքի վաճառքից՝ Ռուսաստանը քաղաքական գործիքներով կփորձի զսպել իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում»․ ռազմական փորձագետ
«Տարածաշրջանն արդեն իսկ շատ ռազմականացված է»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով ռուս-ադրբեջանական զենքի գործարքները շարունակելու բարձրաստիճան պայմանավորվածությանը։
Հիշեցնենք, որ Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով ամենամյա «Վալդայ» վեհաժողովի շրջանակներում, տեղեկացրել էր, որ ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակվելու է: «Ակտիվորեն զարգանում է ռազմատեխնիկական համագործակցությունը։ Այսօր մենք պայմանավորվել ենք, որ կշարունակենք աշխատանքներն այս ուղղությամբ, չնայած որ մեր միջև արդեն իսկ կնքված պայմանագրերը՝ ռուսական զինտեխնիկայի գնման վերաբերյալ, կազմում են 5 միլիարդ դոլար»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ այդ պայմանավորվածություններից 3 միլիարդն արդեն իրականացված է:
Նշենք, որ այդ 3 միլիարդի հասնող գնումներն իրականացվել էին 2016 թվականի ապրիլյան պատերազմից առաջ։ Քառօրյա ռազմական բախումներից հետո ռուսական կողմը կարծես դադարեցրել էր համագործակցությունը՝ գիտակցելով, որ վաճառվող զենքի կիրառման վերահսկողությունը շփման գծում չի կարողանում իրականացնել, ինչպես նաև լուրջ դժգոհություններ կային հայկական կողմում։
Ներկայումս թե որքանով է հիմնավոր Ադրբեջանի նախագահի պնդումը, որ շարունակվելու է ռազմատեխնիկական համագործակցությունը, դժվար է ասել, սակայն այս հարցում ամենակարևոր հանգամանքը հետևյալն է՝ ինչպես է ռուսական կողմը ներկայումս պարտավորեցնելու Ադրբեջանին չկիրառել այդ զենքը Ղարաբաղի և Հայաստանի ուղղությամբ։
Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ իսկապես ապրիլյան իրադարձություններից հետո ակտիվ ռազմատեխնիկական համագործակցությունը դադարեցված էր, որի համար կային և քաղաքական, և ռազմական պատճառներ։ Բնականաբար, ըստ նրա՝ ադրբեջանական կողմը փորձում է ցույց տալ, որ նախկին ինտենսիվությամբ այն ներկայումս ևս շարունակվելու է, քանի որ դա վստահություն է տալիս հակամարտող կողմին, բայց մենք գիտենք նաև, որ Ռուսաստանը զուգահեռաբար պահպանել է ռազմատեխնիկական հավասարակշռությունը կողմերի միջև։ Սակայն փորձագետը նշեց, որ Ադրբեջանը զենքի գնումների այլ աղբյուրներ ևս ունի՝ երկրի ունեցած հնարավորությունների շնորհիվ։
«Կարծում եմ, ներկայումս խնդիրն այն է, որ նախկինում եղել են պայմանավորվածություններ, որոնք պետք է իրագործվեն, և ռուսական կողմը, նաև՝ որպես միջնորդ, պետք է փորձի ընդհանուր առմամբ թույլ չտալ և բռնկում հակամարտության գոտում, և զենքի կիրառում այս գոտում։ Հակամարտության մեջ գտնվող երկրներն անընդհատ կերպով զենք են ձեռք բերում տարբեր աղբյուրներից, իսկ Ռուսաստանը վաճառել է զենք և հավասարակշռություն է փորձել պահպանել տարածաշրջանում, սակայն տեղի ունեցավ այն, ինչ ես միշտ կանխատեսել եմ ու կրկին կարծում եմ, որ առանց պատերազմի հակամարտություն չի կարգավորվելու։ Կարծում եմ նաև, որ կողմերն անընդհատ գնելու են զենք և կատարելագործելու են իրենց զինված ուժերը, քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, եթե զենք չվաճառի Ռուսաստանը, կողմերը գուցե շատ ավելի թանկ զենք գնեն այլ երկրներից։ Եվ Ռուսաստանը մշտապես առաջնորդվել է այս սկզբունքով»,- ասաց Խրամչիխինը։
Նրա կարծիքով, անկախ զենքի գնումներից, այս փուլում տարածաշրջանն արդեն լրջորեն ռազմականացված է, և կա պատերազմի վերսկսման վտանգ մշտապես։ «Բայց կարծում եմ՝ Ռուսաստանը քաղաքական գործիքներով կփորձի զսպել գործընթացները Ղարաբաղյան հակամարտության գոտում, և դա ինչ-որ առումով հաջողվել է»,- ասաց նա։