Բաժիններ՝

«Մենք ուզում ենք կանգնել ընտանիքների կողքին՝ ամրապնդելով սեփական ոտքերի վրա կանգնելու նրանց կարողությունը». Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 4-ին ներկա է գտնվել Վորլդ Վիժն միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան առաքելության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Տոնական հանդիսությունը, որ մեկնարկել է Մայր Աթոռի դիվանատան ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն եւ Վորլդ Վիժն Հայաստանի Խորհրդատվական մարմնի անդամ Տեր Պարույր քահանա Ավետիսյանի օրհնությամբ, ներկա են գտնվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, հասարակական և քաղաքական բազմաթիվ գործիչներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Աննա Հակոբյանի գրասենյակից:

Իր խոսքում Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը շեշտել է, որ տոնական հոբելյանը լավ առիթ է նաև միասին մտորելու երեխաների պաշտպանության և երեխաների կյանքի բարելավման մասին։ «30 տարիների ընթացքում մենք բազմապիսի խորդուբորդ ճանապարհ ենք անցել և շատ հետաքրքիր ճանապարհ ենք անցել, և այդ ձեռքբերումները, որ ունեցել ենք, թերևս հնարավոր չէ կարճ երեկոյի ընթացքում թվարկել։ Ի թիվս այն բոլոր ձեռքբերումների, որ մենք ունեցել ենք և ի թիվս, հաջողությունների, որ մենք արձանագրել ենք, մենք շարունակում ենք տեսնել և վկայել, որ շատ խնդիրներ կան չլուծված։ Խնդիրներ կան չլուծված բոլոր հարթություններում։ Կան երեխաներ, որոնք ապրում են բռնության մեջ, երեխաներ կան, որ ունենալով կենսաբանական տանիք չեն ապրում ընտանիքներում։ 2000-ից ավելի երեխա զրկված է ընտանիքում ապրելու հնարավորությունից։ Եվ այս ամենը մեզ դրդել է նոր ճանապարհ սկսել։ Այսօր մենք տոնում ենք ոչ միայն մեր 30 տարիների անցած արդյունքները, այլ նաև այսօր մենք տալիս ենք մեր նոր էջի մեկնարկությունը։ Մենք այսօր նոր նավարկություն ենք սկսում, և պատահական չէ, որ այս երեկոյի խորհրդանիշը նավակն է ընտրված։ Քանի որ սա մեզ համար նավարկություն է»,- ասել է Ժիրայր Էդիլյանը։

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էլ կարևորելով Վորլդ Վիժնի կատարած հսկայածավալ աշխատանքը՝ ներկայացրել է կազմակերպության արդյունավետ և շարունակական համագործակցությունը իր ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի հետ՝ հավելելով, որ երազում է այն ժամանակի մասին, երբ ոչ մի ընտանիք «Իմ քայլը» հիմնադրամի, Վորլդ Վիժնի, բարեգործական այլ կազմակերպությունների կարիքը չի ունենա։ Երբ պետական ինստիտուտները, մեխանիզմները ու քաղաքականությունը կգործեն այնքան հստակ, որ մեր կազմակերպությունները իրենց ռեսուրսներն ուղղեն բացառապես զարգացման ծրագրերին։ ՀՀ վարչապետի տիկինը շեշտել է, որ լիահույս է, որ այդ ժամանակը շուտ է գալու։

Աննա Հակոբյանի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Վորլդ Վիժնի թանկագի՛ն ղեկավարներ,

Հարգելի՛ տիկին նախարար,

Դիվանագիտական կորպուսի մեծարգո ներկայացուցիչներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք

Դեռ մեկ տարի չի անցել այն օրից, երբ ես՝ որպես նորաստեղծ «Իմ քայլը» հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ, հանդիպեցի Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանի հետ։ Այն ժամանակ դեռ աղոտ էի պատկերացնում, թե կոնկրետ ինչով է զբաղվում Վորլդ Վիժնը Հայաստանում, բայց կանխազգում էի, որ կազմակերպության բազմամյա փորձը հումանիստական գործունեության ասպարեզում չի կարող օգտակար չլինել առաջին քայլերն անող «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը հաստատուն ռելսերի վրա դնելու հարցում։ Մեր դեռևս փոքրաթիվ թիմն այդ ժամանակ արդեն մոլորվել էր քաղաքացիներից ստացված ամենաբազմազան ու բազմաբնույթ հարյուրավոր դիմում-խնդրանքների հորձանուտում, և Վորլդ Վիժնի հետ հանդիպումն ու այդ հանդիպմամբ սկզբնավորված գործունեությունը չափազանց տեղին էր։

Առաջին հանդիպմանն իսկ պարզ էր, որ մեր մոտեցումները համընկնում են ամենակարևոր հարցում՝ մենք չենք ուզում լինել պարզապես օգնություն բաժանող, այլ ձգտում ենք դառնալ բարեգործության նոր մշակույթի կրողը, սոցիալական նոր քաղաքականության առաջամարտիկը։ Մենք ուզում ենք կանգնել ընտանիքների կողքին՝ ամրապնդելով սեփական ոտքերի վրա կանգնելու նրանց կարողությունը։ Ավարտական մոտեցումը, որին քիչ առաջ ծանոթացաք տեսանյութում, բավականին մոտ էր մեր պատկերացումներին, և այդ մոտեցման կիրառման արդեն իսկ տարիների փորձ ունեցող Վորլդ Վիժնի հետ համագործակցությունը մեկնարկեց անհապաղ։ Այսօր արդեն ունենք արդյունքներ, որոնցով հպարտանում ենք և ոգեշնչվում՝ հաստատակամորեն առաջ շարժվելու։ Վորլդ Վիժնի հետ իրականացվող Աղքատության փուլային հաղթահարման ծրագրի շրջանակներում արդեն իսկ աշխատում ենք 28 ընտանիքի հետ։ Նպատակ ունենք մոտ ապագայում ընդգրկված ընտանիքների քանակը հասցնել 40-ի, իսկ ժամանակի ընթացքում ավելի ընդլայնել ծրագիրը՝ ընդհուպ հասնելով Արցախ։ Այս ծրագիրն իսկապես թևեր տվող է։ Մեզ համար ամեն ընտանիքի կողքին կանգնելը, ամեն փոքր խնդրի լուծմանն աջակցելը, ինքնուրույն քայլ անելու կարողությունն ամրապնդելը պակաս կարևոր չէ, քան բազմամիլիոնանոց ծրագրերը կրթության կամ մշակույթի ոլորտում։ Մենք հուզվում և ուրախանում ենք ընտանիքների ամենափոքր առաջընթացով։ Այսօր արդեն ունենք հաջողության պատմություններ, որոնք մեզ ոգեշնչում են շարունակել ընթացքը։ Կան նաև չհաջողված պատմություններ, երբ ընտանիքը բավարար արձագանքող չէ ինքնուրույն քայլելու, կատարելագործվելու հարցում։ Բայց մենք չենք հուսահատվում․ գաղտնիք չէ, տասնամյակներ շարունակ Հայաստանում սոցիալական քաղաքականություն կոչվածը ոչ ճիշտ շեշտադրումներ է ունեցել, և հենց այդ անհաջողություններն էլ նորից ու կրկին մեզ համոզում են, որ նոր քաղաքականության մշակումն ու օր առաջ կիրարկումը անհետաձգելի հրամայական է։

Իհարկե՝ երկու, երեք, նույնիսկ տասնյակ կազմակերպություններ չեն կարող անել այն, ինչ պետք է անի պետությունը։ Այսօր արդեն «Իմ քայլը» հիմնադրամում և անձամբ ինձ ուղղված դիմումները հազարավոր են, և մենք գրեթե նույնքան մոլորված ենք։ Որքան էլ որ ուղղությունն ու տեսլականը հստակ լինեն, այն է՝ աջակցել մարդու, ընտանիքի կարողությունների հզորացմանը, ոչ թե լուծել սոսկ օրվա խնդիր, բայց խնդիրների ծավալներն այնպիսին են, որ միայն համապետական, համընդգրկուն քաղաքականության մշակումն ու կիրակումը կարող է ելք լինել երկարաժամկետ կտրվածքում։

Եվ ես, առիթից օգտվելով, դիմում եմ լիազոր մարմինների ներկայացուցիչներին՝ օգտագործե՛ք նաև մեր ռեսուրսները։ Եկեք նստենք մի սեղանի շուրջը՝ մեկտեղելու ռեսուրսները Հայաստանում սոցիալական ապահովության խնդրին համալիր ու համակարգային լուծում տալու։ Համատեղ ջանքերով մենք կարո՛ղ ենք կյանքի կոչել ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը՝ Հայաստանի Հանրապետությունը դարձնելով իսկապես սոցիալական պետություն։ Ամրացնել ու զարգացնել ընտանիքի՝ աշխատելու, ինքնուրույն քայլելու կարողությունը և ամուր կանգնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների կողքին։ Սա է տեսլականը, որի իրագործումը մենք իրատեսական ենք համարում պետության գլխավորությամբ ոլորտի դերակատարների ջանքերի, ռեսուրսների, տարիների փորձի մեկտեղման դեպքում։ Ես երազում եմ այն ժամանակի մասին, երբ ոչ մի ընտանիք «Իմ քայլը» հիմնադրամի, Վորլդ Վիժնի, բարեգործական այլ կազմակերպությունների կարիքը չի ունենա։ Երբ պետական ինստիտուտները, մեխանիզմները ու քաղաքականությունը կգործեն այնքան հստակ, որ մեր կազմակերպությունները իրենց ռեսուրսներն ուղղեն բացառապես զարգացման ծրագրերին։ Ես հավատում եմ, որ այդ ժամանակը շատ չի ուշանալու։ Իսկ մինչ այդ ուզում եմ շնորհակալություն հայտնել Վորլդ Վիժն Հայաստանի ողջ թիմին ամենօրյա, ամենժամյա ռեժիմով կատարվող անհավանական աշխատանքի համար։ 650 հազար երեխայի աջակցություն 30 տարվա ընթացքում, 4․000 ծայրահեղ խոցելի ընտանիքների հետ ամենօրյա աշխատանք, ինժեներական լաբորատորիաներ, համայնքներում արտադրողների խմբերի և արժեշղթաների զարգացում, ամառային ճամբարներ բազմահազար երեխաների համար․ այս ամենը չափազանց տպավորիչ է։ Տպավորիչ է, որ Վորլդ Վիժնի թիմի բարձր պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը գործին, երկրում, համայնքներում, ամեն առանձին ընտանիքի ու երեխայի կյանքում փոփոխություն բերելու խանդավառությունը․հատկանիշներ, որոնց մասին մեկ անգամ չէ, որ լսել եմ «Իմ քայլը» հիմնադրամի՝ ձեզ հետ աշխատող թիմից։

Շնորհակալություն ձեզ և շնորհավորում եմ այս կարևոր հոբելյանի կապակցությամբ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս