«Իմ քայլում» վհուկների որս է սկսվել. ովքեր են «դեմ»-ի համար կասկածի տակ. սեռական հայհոյանք է եղել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ն երեկ փակ-գաղտնի քվեարկությամբ հաստատեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով որոշումը։ 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցեց 101-ը, կողմ քվեարկեց 98, դեմ՝ 1 պատգամավոր, 2 քվեաթերթիկ էլ անվավեր ճանաչվեց։
Քվեարկությունից անմիջապես հետո իշխող խմբակցությունում սկսել են վհուկների որսը, որ գտնեն, թե ովքեր են 1 դեմը եւ 2 անվավերները։ Ի դեպ, հաշվիչ հանձնաժողովի անդամը մեզ ասաց, որ գրեթե «քֆուր են կերել», որ արտահոսք չի լինելու անվավեր թերթիկների հետ կապված։
Սակայն մենք պարզեցինք, որ նրանցից մեկի վրա անհասցե սեռական հայհոյանք է գրված եղել։ Իսկ «դեմ»-ի հարցում կասկածի տակ էին «Իմ քայլի» բոլոր անհնազանդները՝ Սոֆյա Հովսեփյան, Թագուհի Թովմասյան, նույնիսկ Նիկոլայ Բաղդասարյանի անունն էին տալիս, ով առանձնապես ջերմ չի տրամադրված նախաձեռնության «քավոր»՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի նկատմամբ։
Կասկածյալների թվում էր նաեւ ԼՀԿ-ական Տարոն Սիմոնյանը, ով հարցազրույցներում չի թաքցրել, որ նախագծի իրավական հիմնավորումները թույլ են։ «Իմ խոսքն ու գործը երբեք չեն տարբերվում իրարից»,- մեզ ասաց Սիմոնյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: