Բաժիններ՝

ԱԱԾ-ն բացահայտել է դիտավորյալ ավտովթարներ կազմակերպելու և խաբեությամբ գումար հափշտակելու դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափի ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու և խարդախությամբ գումարներ հափշտակելու դեպքեր:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ քաղաքացին 2018թ հոկտեմբերից մինչև 2019թ սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, նախապես որպես զոհ թիրախավորելով իգական սեռի և «ոսկե» համարանիշներով թանկարժեք մեքենաներ ունեցող վարորդներին, իր կողմից վարվող, վթարված «Դեյվու Նեքսիա» և «Վազ 21-154» մակնիշների ավտոմեքենաներով, պարբերաբար դիտավորյալ բախվել է տարբեր ավտոմեքենաների՝ ստեղծելով վթարային այնպիսի իրավիճակներ, որոնցում հնարավորություն է ունեցել մեղքը բարդել տուժող կողմի վրա, որից խաբեությամբ պահանջել և ստացել է մոտ 600 000 ՀՀ դրամի գումար, պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր առմամբ 4 697 000 ՀՀ դրամի վնաս: Որոշ դեպքերում էլ ապահովագրական ընկերություններից որպես վթարի փոխհատուցում նույնպես խաբեությամբ գումար է ստացել՝ մոտ 350 000 ՀՀ դրամ:

Բերման ենթարկվելուց հետո հիշյալ անձը խոստովանել է կատարած առերևույթ հանցագործությունները։ Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս