Տղամարդը հայտնաբերվել է թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու պահին
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը: Օրերս հերթական դեպքը բացահայտեցին Գյումրիի ոստիկանները:
Հոկտեմբերի 1-ին, ժամը 14.30-ի սահմաններում, ոստիկանության Մուշի և Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի հարևանությամբ գտնվող կիսաքանդ շինության մեջ ապօրինի թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու պահին հայտնաբերեցին 33-ամյա մի տղամարդու, որն, ինչպես հետո պարզվեց, Բորյան փողոցի բնակիչ է:
Նշված շինության զննությամբ` ոստիկանները հայտնաբերեցին յուրահատուկ հոտ ունեցող հեղուկով լի տարաներ, պիպոլֆեն գրառմամբ ապակե սրվակ, պիրալգին գրառմամբ դեղահաբերի դատարկ ժապավեն, ներարկիչներ, որոնցից մեկում առկա էր 3,6 մլգ դեղնավուն հեղուկ, յոդի դատարկ սրվակ և թմրանյութի պատրաստման համար անհրաժեշտ այլ պարագաներ:
Կասկածվողը հայտնել է, որ ներարկիչում հայտնաբերվածը թմրանյութ է, ինքն է պատրաստել. մի մասն օգտագործել է` մնացածը պահել հետագայում ներարկվելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հետաքննությունը շարունակվում է: