Բաժիններ՝

«Այս բժշկական կենտրոնի յուրաքանչյուր քառակուսի մետրը հաշվել են 25.000 դրամ». հերթական բ/կ-ն, որն առաջարկվում է հանել մասնավորեցման ցանկից

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Պետական գույքի մասնավորեցման մասին օրենքում և մասնավորեցման ցանկից հանել «Մաշկաբանության և սեռավարակաբանական գիտաբժշկական կենտրոնը»։

Ըստ նախագծի զեկուցող Նարեկ Զեյնալյանի՝ ժամանակին այս կենտրոնը մասնավորեցվել է բյուջետային համալրման համար, սակայն որևէ պետական հիմնարկի մասնավորեցման նպատակ դա դնելն անհեթեթություն է։

«Ես կարծում եմ՝ այս կենտրոնը մասնավորեցվել է՝ գայթակղիչ տարածք ունենալու համար։ Այնտեղ մոտ 2,3 հեկտար տարածք կա, որտեղ հաստաբուն ծառեր կան»,- ասաց Զեյնալյանը։

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանում որևէ այլ հիվանդանոց սեռավարակների և մաշկային հիվանդությունների գծով ստացիոնար ծառայություններ չի մատուցում և որևէ հիմնարկում անգամ վճարովի հիմունքով չեն մատուցվում նման ծառայություններ, իսկ այս հիմնարկում տարեկան բուժօգնություն է ստանում 3000 հիվանդ։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը նշեց, որ՝ ըստ մասնավորեցման պայմանագրի, սեփականատերը պարտավորվել է մասնավորեցումից հետո 3 տարի պահպանել կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունները, իսկ այս պարագայում հարց է առաջանում, թե երեք տարի հետո ինչ ծառայություններ են մատուցվելու։

«Կենտրոնի բաժնետոմսերը գնահատվել են 750 միլիոն դրամ, և հնարավոր է՝ մասնավորեցվի բաժնետոմսերի ոչ ավել, քան 75 տոկոսի չափով։ Կենտրոնի յուրաքանչյուր քառակուսի մետրը կազմում է 25 հազար դրամ. սա էլ՝ տեղեկատվություն տնտեսագետների համար»,- ասաց  Զեյնալյանը։

Նարեկ Զեյնալյանի ներկայացրած նախաձեռնությունը ողջունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը և նշեց.

«Աջակցում եմ Ձեր նախագծին, կարծում եմ՝ նախարարությունը նույն սկզբունքայնությունը կդրսևորի այս կենտրոնի հարցում։ Հաշվի առնելով, որ այս կենտրոնը 2017 թվականին է ներառվել, և հասկանալի է, որ որոշակի այլ միտումներ են եղել մասնավորեցման ցանկ ընդգրկելու համար, հույս ունեմ, որ այսօր երբևէ չի շարունակվի նախորդ արատավոր պրակտիկան, երբ պետական շենքերը 15-20 հազար դրամով օտարել են»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մասնավորեցման ցանկից դուրս են բերվել Այրվածքաբանության և Ուռուցքաբանության կենտրոնները։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս