«Վարչապետ Նիկոլ Փաշինյան, կարող ես քեզ համար թշնամիներ չփնտրել, քո կադրերը քեզ համար թշնամիներ են հավաքում». Նորաշենցիները պատասխանի են սպասում
Նորաշենցիներին այսօր պատասխան են խոստացել: Այս մասին տեղեկանում ենք «Ուժ և իրավունք» ՀԿ նախագահ Ալինա Մախսուդյանի ֆեյսբուքյան լայվից: Ցույցի երեք մասնակիցներ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ զրույց են ունեցել:
«Երեք նորաշենցիներ մարզպետի հետ պայմանավորվել են, որ մարզպետը չգիտեմ՝ որտե՞ղ, ո՞ւմ հետ, ի՞նչ պետք է ճշտի և այսօր պատասխան տա մեզ, թե ինչպես է կարգավորվելու խնդիրը: Սպասենք, թող ճշտի, դրանից հետո կորոշենք մեր քայլերը»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Այսօր առավոտյան ժամը 9-ից նորաշենցիները կրկին հավաքվել էին Արարատի մարզպետարանի առաջ՝ պահանջելու վերականգնել իրենց նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները և Գարիկ Սարգսյանի հրաժարականը: Նրանց, սակայն, թույլ չէին տալիս մտնել մարզպետարանի շենք:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյան, կարող ես քեզ համար թշնամիներ չփնտրել, քո կադրերը քեզ համար թշնամիներ են հավաքում: Պահանջում ենք մարզպետի հրաժարականը, մեզ պետք չի այնպիսի մարզպետ, ով չի հարգում իր ժողովրդին, ում համար հետաքրքիր չէ իր ժողովրդի ձայնը»,- ասաց «Ուժ և իրավունք» ՀԿ նախագահ Ալինա Մախսուդյանը:
Նրա խոսքով՝ մարզպետի օգնական Գևորգ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում տարածել է, թե նորաշենցիների պայքարի կողքին կանգնած են մարդիկ, ովքեր կանգնած են նաև Ռոբերտ Քոչարյանի կոքին:
«Գետինը մտնես դու, չես ամաչո՞ւմ, կարա՞ս պատասխան տաս էդ բառերիդ համար, դուք եք իրենից ժառանգել շատ բան, մենք չենք կանգնելու այն իշխանության կողքին, որն այսպես է աշխատում: Մենք չենք ուզում մարզպետ ունենալ, որը մեզ թափթփուկ է անվանում»:
Իր հասցեին ուղղված Ալինա Մախսուդյանի հարցերին Գևորգ Սարգսյանը չպատասխանեց, փոխարենն ասաց, որ մարզպետի ասած «թափթփուկ» բառը վերաբերել է միայն այն մարդկանց, ովքեր վիրավորական արտահայտություններ են հնչեցրել իր հասցեին:
Ցույցի մասնակից կանանցից մեկը հիշեց, որ, երբ Գարիկ Սարգսյանը մարզպետ չէր ընտրվել, խոստանում էր, որ վերանալու է «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով աշխատանքի ընդունելու կարգը:
«Ասում էիր՝ էլ «խնամի-ծանոթ-բարեկամ» չի լինելու, ամբողջ մարզպետարանը դա է, բոլոր բարեկամներիդ բերել ես մարզպետարան: Դուք այսօր ձեզ հակասում ենք, կներեք, բայց դա ստախոսություն է Ձեր կողմից»:
Ցույցի մասնակիցները խոստացան, որ, եթե հարցը չլուծվի՝ պատրաստ են անգամ Կառավարության դիմաց հացադուլ անել ու ճանապարհ փակել:
Gepostet von Alina Maxshudyan am Dienstag, 1. Oktober 2019
Gepostet von Alina Maxshudyan am Dienstag, 1. Oktober 2019
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ