«Նախագծի հիմքում չկա որևէ քաղաքական նախադասություն». Մակունցը՝ ՍԴ-ի վերաբերյալ նախագծի մասին
«Մենք ներկայացրել ենք մի նախագիծ և ցանկություն ունենք մեր քննարկումները թե՛ այս փուլում, թե՛ առհասարակ, ՍԴ դատավորներից մեկի, ընդ որում, պետք չէ անձնավորել, լիազորությունները դադարեցնել: Տեսնենք, թե այս գործընթացի հետ կապված ինչ կլինի, ցանկություն չունեմ ՍԴ մյուս դատավորների մասով ասել, թե նրանք շահագրգռված են այս նախագիծն ընդունել, սա բացառապես դատարանի տիրույթում է, տեսնենք, թե ինչ դիրքորոշում կարտահայտեն»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ պետք է ՍԴ դատավորները կողմ արտահայտվեն ՍԴ-ի վերաբերյալ նախագծին, եթե գիտեն, որ հաջորդն իրենք են:
Նրա խոսքով՝ փաստարկների առումով ՍԴ դատավորները պետք է քննարկեն, դիրքորոշում արտահայտեն, թե արդյո՞ք դրանք հիմնավոր են:
Ըստ Մակունցի՝ իրենց բերված փաստարկները բավականին ծանրակշիռ են:
Լիլիթ Մակունցը նաև հավելեց, որ ՍԴ-ի վերաբերյալ խմբակցության նախագիծը ներկայացնելիս ձախողելու կամ հաջողելու դիրքերից հանդես չի գալիս, քանի որ խոսքն այստեղ ընդհանուր դատական համակարգի մասին է, որը ցանկանում են առողջացնել:
«Արդյո՞ք դատավորները պատրաստ են ընդառաջ գնալ և իրենց քայլն անել այդ ուղղությամբ: Դատական համակարգը ներսից ցանկություն ունի՞ առողջացման ինչ-որ գործընթացներ սկսել, թե՞ ոչ: Հնարավոր է, որոշակի փուլերում տեղի են ունեցել բաներ, որոնք իներցիայով կամ ինչ-որ կերպ այդպես է ստացվել, ուստի արդյո՞ք կա կամք վերականգնելու դատարանի և դատավորի հեղինակությունը, սա է ամբողջ հարցը»,- նշեց Մակունցը:
Հարցին՝ կա՞ն հիմքեր ՍԴ այլ դատավորների լիազորությունները ևս դադարեցնելու համար, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ այս պահին միայն մեկ դատավորի համար կան հիմքեր, այլ դատավորների մասով չունեն:
«Նախագծի հիմքում չկա որևէ քաղաքական նախադասություն, այն ամբողջապես հիմնված է իրավական փաստերի ու հիմնավորումների վրա, ուստի ԱԺ բոլոր խմբակցությունները պետք է արտահայտեն իրենց դիրքորոշումը:
«Լուսավոր Հայաստանն» արդեն միացել է նախագծին և կողմ արտահայտվել, հուսամ՝ ԲՀԿ-ն ևս կմիանա: Մենք ԲՀԿ-ի հետ չենք բանակցել, բայց Արման Աբովյանին խնդրել եմ, որ, եթե նպատակահարմար կգտնեն, ապա ներկայացնեն իրենց դիրքորոշումը կամ նախապես իրենց դիրքորոշման մասին տեղեկացնեն»,- ընդգծեց Լիլիթ Մակունցը:
Զվարթ Խաչատրյան