«Սա միայն մեր խմբակցության հարցը չէ». Մակունցը՝ ՍԴ նախագծի վերաբերյալ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծին՝ նշեց, որ այն ԱԺ այս քառօրյայի ընթացքում կքննարկեն:
Ըստ նրա՝ նախագծի վերաբերյալ «Լուսավոր Հայաստանն» արդեն կայացրել է որոշում և կողմ է քվեարկելու, իսկ ԲՀԿ-ն դեռևս որևէ որոշում չունի:
«Ինչ վերաբերում է քննարկումներին Հրայր Թովմասյանի ներկայությանը, գիտեք, որ դա նրա իրավունքն է, սակայն որևէ մեկը չի կարող պարտադրել, որպեսզի նա ներկա լինի»,- ասաց Լ. Մակունցը:
Նրա կարծիքով՝ օրենսդիր մարմինը պետք է անի առավելագույնը, որպեսզի ՍԴ-ի դերն ու վարկանիշը բարձրացնի և վերականգնի հանրության վստահությունը դատարանի նկատմամբ:
«Մենք համարում ենք, որ սա այն քայլերից մեկն է, որը պետք է արվի՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ արդյունք կունենանք, թե ՍԴ-ն, ի վերջո, ինչպիսի եզրակացություն կկայացնի մեր ներկայացրած իրավական հիմքերի վերաբերյալ: Սա այն անհրաժեշտ քայլն է, որն «Իմ քայլը» պետք է կատարեր, գտնում ենք, որ դա որևէ կերպ խոչընդոտ չի հանդիսանում դատարանի վարկանիշը վերականգնելու համար: Բնականաբար, սա միակ քայլը չէ, որը պետք է կատարվի այդ ուղղությամբ դատաիրավական բերափոխումների համատեքստում»,- շեշտեց նա:
Նա առաջարկեց սպասել՝ հասկանալու համար, թե ինչ որոշում կկայացնի դատարանը և ինչ դիրքորոշում կհրապարակի իրենց ներկայացրած փաստերի առնչությամբ:
Նրա դիտարկմամբ՝ իրենց նախատեսած քայլերի հաջորդականության մասին չի կարող բարձրաձայնել, սակայն այս ամենը չի նշանակում, որ այդ ուղղությամբ իրենք չեն աշխատում:
«Նախագիծը մեր խմբակցությունն է ներկայացրել, այդ դիրքորոշում ո՛չ նիստերի, ո՛չ մասնավոր զրույցներում խմբակցության պատգամավորների կողմից չի հնչեցվել: Գիտեք, որ ձայների այն քանակը, որն անհրաժեշտ է նախագիծը Սահմանադրական դատարան ներկայացնելու համար, մեր խմբակցությունում այդ ձայները բավարարում են, բայց սա միայն մեր խմբակցության հարցը չէ, բոլոր խմբակցությունները պետք է շահագրգռված լինեն հարցի պատշաճ քննությունն իրականացնելու համար»,- ընդգծեց նա:
Հարցին՝ իրատեսակա՞ն եք համարում, որ ՍԴ դատավորները կողմ կլինեն նախագծի անցնելուն, նա պատասխանեց, որ հարցը դիտարկում է այն տեսանկյունից, որ դատավորները որոշում կկայացնեն բացառապես իրավական դաշտում՝ իրավական փաստաթղթերի հիման վրա:
«Չեմ ուզում որևէ դիրքորոշում նախապես հայտնել»,- նշեց նա:
Զվարթ Խաչատրյան