Թաքնված տեսախցիկները կրկին կովկասյան հովազի են ֆիքսել
2013թ․-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տեսախցիկներն առաջին ագամ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում ֆիքսեցին կովկասյան հովազի առկայության փաստը, որի պոչը հետաքրքիր քննարկումների առիթ հանդիսացավ և դարձավ բավականին «հայտնի»։ Դեռ 2013թ․-ին FPWC կողմից ներգրավվեցին օտարերկրա մասնագետներ, իսկ մի քանի օր անց հովազը ներկայացավ հանրությանն իր ողջ հզորությամբ։ 2019թ․-ին՝ Կովկասյան հովազի պահպանման տարում, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում ֆիքսվեց ևս մեկ հետաքրքիր կադր։
Այսպիսի տեսանյութերը մասնավոր կերպով պահպանվող տարածքների արդյունավետությունն ապացուցող լավագույն ցուցիչներն են։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից, ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered EN C2a(i)», իսկ տեսակը` «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D: Հայաստանի կենդանիների կարմիր գրքի տվյալների համաձայն՝ բնակեցնում է Հարավարևմտյան և Հարավային Հայաստանը` «Խոսրովի անտառ» արգելոցի կենտրոնական և արևելյան հատվածներից մինչև հայ-իրանական սահմանը՝ Գեղամա, Զանգեզուրի, Վայոց ձորի, Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաների սահմաններում: Կովկասյան հովազի համար շատ կարևոր է նաև դժվարհասանելի ժայռերի առկայությունը, որոնք հնարավորություն են տալիս հովազին բեզոարյան այծերին որսալու ժամանակ հանկարծակի դուրս գալու: