Տեղյա՞կ են երևանցիները՝ ինչո՞ւ են փակ քաղաքի փողոցները. հարցում
Երևանում անցկացվող ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի պատճառով այսօր վաղ առավոտից փակ են մի շարք փողոցներ: 168.am-ի նկարահանումների ժամանակ փակ էր Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկը, ինչի հետևանքով ծանրաբեռնված էին Աբովյան փողոցի հետ հատվող մյուս փողոցները: Ոստիկանները մեզ հետ զրույցում ասացին, որ Աբովյան փողոցը պարբերաբար փակվել-բացվելու է: Անցորդներից ու վարորդներից հետաքրքրվեցինք՝ գիտե՞ն՝ ինչու են փակ մի շարք փողոցներ, և արդյոք չի՞ խանգարում դա երթևեկությանը:
«Ինչ-որ եսիմ որ երկրից մարդիկ են եկել, նախագահներ: Ինձ չի խանգարում, ես հեծանիվով եմ, բայց այսօր խցանումների սովորականից շատ եմ հանդիպել»:
«ԵԱՏՄ գագաթաժողով է: Ինձ համար նույնիսկ հաճելի է, որ փակ են ճանապարհները: Ես Բաղրամյանով չեմ գալիս»:
«Նախագահների համար են փակել՝ Սինգապուրի, Պարսկաստանի: Ճանապարհների փակ լինելն էլ ոչինչ, մի երկու օր կդիմանանք»,- ասում է քաղաքացիներից մեկը:
«Պարսկաստանի թագավորին են ընդունում: Չի խանգարում ճանապարհների փակ լինելը, խցանումներ, իհարկե, կան, բա վեց հատ պրեզիդենտ ա գալիս, բա ի՞նչ լիներ»:
«Կարծես թե Ռուհանին պետք է գա: Պետք է փակեն ճանապարհները, ուրիշ տարբերակ չկա այդ մարդկանց տեղաշարժելու»,- ասաց մեկ ուրիշը:
Կան նաև մարդիկ, ովքեր տեղյակ չեն, թե ինչ միջոցառում է անցկացվում Երևանում, և ինչու են փակ փողոցները: «Ոչ, բացարձակ տեղյակ չեմ՝ ի՞նչ է կատարվում»,- ասաց անցորդներից մեկը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ