Արթուր Ալեքսանյանը մարզումները կսկսի մեկ ամսից
Օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի քառակի և աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չի վիրահատվի, բայց բժիշկները խորհուրդ են տվել առաջիկա մեկ ամսում հանգիստ մնալ, հետո նոր շարունակել մարզումները:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Արթուրի հայրը և անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանը:
«Մրցաշրջանից վերադառնալուց հետո բուժզննումը ցույց է տվել, որ Արթուրի 7-րդ և 8-րդ կողերի միացման կռճիկային հատվածները վնասվել են: Վիրահատական միջամտություն չի կատարվի, բայց պետք է 1 ամիս ու 10-օրյա հանգիստ վիճակ, որից հետո պարապմունքները կվերսկսվեն»,- նշեց Գևորգ Ալեքսանյանը:
Ղազախստանում անցկացված աշխարհի առաջնությունում 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանն արժանացավ փոխչեմպիոնի կոչմանն ու 2020 թ. Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր վաստակեց:
Նա կողոսկրի վնասվածքի պատճառով չմասնակցեց եզրափակիչ գոտեմարտին։
Արմենուհի Մխոյան