Գյուղնախարարությունը դեռ չի տվել Շիրակի մարզին հասանելիք ցորենի սերմացուն
Աշնանացան ցորենի ցանքը Շիրակի մարզում արդեն սկսվել է: Գյուղացիները ցանում են 2013թ ցորենի բերքի սերմացուն: Նշենք, որ բարձր լեռնային գոտիներում` Կրասար, Փոքր Սեպասար և Մեծ Սեպասար գյուղերում, դեռ ընթանում են հացահատիկի բերքահավաքի աշխատանքները: Նշենք, որ գարնանացան գարու և վարսակի անջրդի մեկ հեկտարից ստացվում է շուրջ 30-35 ցենտներ բերք: Մեր հարցին` թե ի՞նչ սերմացու է ցանվում ներկայումս նշված վայրերում, Շիրակի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը պատասխանեց.«Գյուղնախարարությունը մեր մարզին հատկացրել է 120 տ Էլիտար սերմացու, բայց մինչև այսօր չեն տվել: Ցանքը կատարվելու է թե՛ Գյուղնախարարության տրամադրելիք ցորենով, թե՛ տեղական սերմացուով»: Մեր այն հարցին, թե Շիրակի դաշտավայրում միջին հաշվով քանի՞ հա հացահատիկ են մշակում, պարոն Մանուկյանը պատասխանեց. «Այս տարվա տվյալները պարզ կլինեն ցանքից հետո: Ամեն տարի ցանվում է մոտավորապես 20 հա հողատարածք»: