«Այս իշխանությունների սրբազան պարտքն է երկրի ներսի խրամատների փոխարեն ամրացնել Արցախի և Հայաստանի անվտանգությունը իրական խրամատներում». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում երեկ ելույթ է ունեցել նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Մամեդյարովը կանխատեսելի էր։ «Широко шагает Азербайджан» գազանավթային դոպինգի մասին սոցիալ-տնտեսական ճոռոմաբանություն, Ադրբեջանի կողմից միջազգային հարթակներում նոր նախաձեռնությունների մասին պատումներ եւ իհարկե, Լեռնային Ղարաբաղ ու Հայաստան։

Մեզ վերաբերող հատվածը օրիգինալ չէր. «օկուպացիա, էթնիկ զտումներ, տարածքային ամբողջականություն» տրիադան համեմված էր ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի համապատասխան բանաձեւերի շահարկմամբ եւ մեզ ուղղված սպառնալիքներով։ Հատկանշական էր նաեւ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով բանակցությունների փաստացի անարդյունավետության մասին ակնարկը։

Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված բանաձևը՝ 3 կողմերի համար ընդունելի լուծման մասին, բնական է, մերժվեց և շեշտադրվեց «կամ ամբողջը, կամ պատերազմ» մոտեցումը։

Հետեւավաբար, դիվանագիտական եւ բանակցային գործընթացներին զուգահեռ այս իշխանությունների սրբազան պարտքն է երկրի ներսի խրամատների փոխարեն ամրացնել Արցախի և Հայաստանի անվտանգությունը իրական խրամատներում։

Կարծում եմ՝ մեր ԱԳՆ-ն պետք է հստակ եւ ավելի կտրուկ արձագանքի Մամեդյարովի այս ելույթին։ Մեր խորհրդարանականները նույնպես պետք է գործով զբաղվեն. դրսում ավելի քիչ խոսեն «հեղափոխությունից» եւ առավել լծվեն միջազգային քաղաքական շրջանակներում Արցախի թեմատիկային»:

Տեսանյութեր

Լրահոս