«Ակնկալում եմ, որ դատարանն ինքնաբացարկ կհայտնի Արղամանյանի նախագահությամբ». Արամ Վարդևանյան

«Ակնկալում եմ, որ դատարանն ինքնաբացարկ կհայտնի Արղամանյանի նախագահությամբ, քանի որ կարծում եմ՝ հիմքերն ակնհայտ են: Նման հիմքերի պարագայում, եթե դատարանը կայացնում է դատական ակտ, ապա այն իրավական պետություն սկզբունքից և արդար դատաքննության իրավունքից չի բխել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:

Հիշեցնենք, որ վերջինս ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանին, ով, ըստ Datalex տեղեկատվական կայքի՝ պետք է քննի Ռ. Քոչարյանի պաշտպանների՝ նրա դեմ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու հայցը:

«Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն հայտնելու հիմք են դարձել իր անաչառության և կողմնակալության հետ կապված ողջամիտ կասկածները։ Հարկ ենք համարում նշել, որ Արղամանյանի հետ համատեղ բնակվող անձը՝ որդին, մասնակցել է ս.թ. սեպտեմբերի 17-ին Շենգավիթի դատարանի առջև ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի կազմակերպված ցույցին։ Ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ հանրահավաքին մասնակցել է ոչ թե հեռավոր ազգական, այլ հենց դատավոր Արղամանյանի որդին՝ Դավիթ Արղամանյանը, որը, ըստ Էթիկայի հանձնաժողովի կայքում ներկայացված հայտարարագրի՝ իր հետ է բնակվում։

Բացի այդ, անաչառության հետ կապված հիմնավոր կասկած է հարուցում տվյալ դատավորի բավականին ցածր վարկանիշը՝ -10։ Ըստ helpcourt.am կայքի՝ դատավոր Արղամանյանն այս ցուցանիշով գտնվում է դատավորների վատագույն քառյակում։ Նշենք, որ դատավոր Արմեն Դանիելյանի վարկանիշը Ռ.Քոչարյանի գործը քննելու պահին եղել է -7»,- ավելի վաղ հայտնել էին ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմից:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս