«Զենքի էջը մեր քաղաքական ուժի համար վաղուց փակված է». Ժիրայր Սէֆիլյան
«Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար Ժիրայր Սէֆիլյանի խոսքով, եթե նախկինները որոշեն դիմել ռևանշի, ապա նրանց դեմ պայքարը հաստատ զենքով չի լինելու։
«Շատերը թող չմտահոգվեն, զենքի էջը մեր քաղաքական ուժի համար վաղուց փակված է, և դրա հետ կապված բոլոր կարծիքներն անիմաստ են, որոնք այս օրերին հնչում են»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ժիրայր Սէֆիլյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, որ, եթե նախկինները գնան ռևանշի, ինչպես ինքը հայտարարել էր վարչապետի հետ հանդիպումից հետո, պայքարի ի՞նչ միջոց են կիրառելու։
Ինչ վերաբերում է նախորդների ռևանշի հնարավորությանը, Ժիրայր Սէֆիլյանն ասաց, քանի դեռ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը կտրուկ անկում չի ապրել, նրան որևէ բան չեն կարող անել ո՛չ Կրեմլը, ո՛չ էլ Ռուսաստանը՝ իրենց հինգերորդ շարասյուներով։
«Մտահոգությունները, որոնց վերաբերյալ արտահայտել ենք մեր կարծիքը վարչապետի հետ հանդիպման ժամանակ, խոսքը վերաբերում է վարկանիշի պահպանմանը։ Պարզ է, որ բոլոր իշխանություններում էլ գնալով վարկանիշի անկում է լինում, բայց այդ անկումը չպետք է լինի սրընթաց, որի մասին երազում է հինգերորդ շարասյունը և որի ուղղությամբ այս 1,5 տարվա ընթացքում աշխատում են»,- շեշտեց նա։
Անդրադառնալով Արթուր Վանեցյանի հրաժարականին, նա ասաց, որ Վանեցյանին համարում է հինգերորդ շարասյան ներկայացուցիչ։
«Այստեղ խնդիրը միայն Վանեցյանի անձի մեջ չէ, այլ մի ամբողջ հաստատության, խոսքն այսօրվա Ազգային անվտանգության ծառայության մասին է, որն արդեն 30 տարի է՝ մեր երկրում հանդիսանում է այն գլխավոր խոչընդոտը, որը թույլ չի տալիս հասնել մեր ինքնիշխանությանը, սա է պատճառը, որ մենք ողջունում ենք վարչապետի առաջին քայլը՝ Վանեցյանին հեռացնելու, սակայն դա դեռ բավարար չէ, պետք է այդ հաստատությունը մասնատել, երեկ մենք հայտարարությունն արել ենք»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան