Իրանը պատրաստ է «թեկուզ մեկ ժամից» բանակցություններ սկսել միջուկային գործարքի շուրջ. Ռուհանի
Թեհրանը պատրաստ է «թեկուզ մեկ ժամից» միջուկային գործարքի վերաբերյալ բանակցությունների սեղանի շուրջ նստել «5+1» ձեւաչափով, որտեղ կլինի ԱՄՆ-ը, բայց Վաշինգտոնը նախ պետք է վերացնի պատժամիջոցները: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին:
«Մենք քանիցս մերժել ենք (ԱՄՆ-ի եւ Իրանի նախագահների միջեւ) բանակցությունները: Եթե բանակցությունները կայանան, ապա կլինեն «5+1» ձեւաչափով»,-ասել է Ռուհանին, որի ելույթը Նյու Յորքից ժամանելուց հետո հեռարձակել է իրանական հեռուստատեսությունը:
«Մենք բացեիբաց ասում էինք, որ պատրաստ ենք բանակցություններ վարել, բայց ոչ պատժամիջոցների ու ճնշումների պայմաններում: Ինձ հարցնում էին՝ երբ եք դուք պատրաստ դա անել, ես պատասխանում էի՝ թեկուզ մեկ ժամից պատրաստ կլինեմ մասնակցել «5+1» խմբի նիստին, բայց սկզբում դուք ճիշտ մթնոլորտ ստեղծեք»,- հավելել է Իրանի նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: