«Առնվազն տարակուսելի է, որ երկրի թիվ 2 պաշտոնյան դա չի ցանկանում նկատել». Խոսրով Հարությունյան
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արդյո՞ք պաշտոնանկությունը և պաշտոնից հրաժարական տալը իրավական-քաղաքական իմաստով նույնաբովանդակ հասկացություններ են:
Մեկնաբանելով ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի իրենց պաշտոնից հեռանալու հանգամանքը՝ Ազգային Ժողովի Նախագահ Արարատ Միրզոյանը պարզաբանել է հետևյալ կերպ՝ Վարչապետը, բավարարված չլինելով իր երկու գեներալների աշխատանքով, նրանց ազատել է աշխատանքից, բայց գործընկերային հարաբերություններից ելնելով, առաջարկել է իրենց հրաժարականի տեսքով ազատվել զբաղեցրած պաշտոններից:
Այսինքն, ԱԺ Նախագահի մեկնաբանությունը մոտավորապես հետևյալն է՝ բոլոր դեպքերում այդ ղեկավարները պետք է թողնեին իրենց պաշտոնը՝ ի՞նչ կարևոր է պաշտոնանկության, թե հարաժարականի արդյունքում:
Բայց արդյո՞ք տարբերություն չկա պաշտոնանկության և պաշտոնից հրաժարական տալու միջև:
Արդյո՞ք այդ երկու հասկացությունները իրավական-քաղաքական իմաստով նույնաբովանդակ են:
Անշուշտ ո՛չ և առնվազն տարակուսելի է, որ երկրի թիվ 2 պաշտոնյան դա չի ցանկանում նկատել:
Նախ կարևոր տարբերությունն այդ երկու իրավական գործընթացներրի միջև այն է, որ տարբեր են դրանք նախաձեռնող սուբյեկտները: Պաշտոնանկության պարագայում նախաձեռնողը տվյալ պաշտոնյայի անմիջական քաղաքական ղեկավարն է՝ տվյալ դեպքում Վարչապետը: Մինչդեռ հրաժարականի դեպքում նախաձեռնողը ինքը՝ պաշտոնյան է:
Բայց առանցքային տարբերությունն այդ երկու գործընթացների միջև պայմանավորված է դրանց տարբեր քաղաքական իմաստներով:
Պաշտոնանկությունը փաստում է տվյալ պաշտոնյայի գործունեության արդյունքներով քաղաքական անմիջական ղեկավարի բավարարված չլինելու հանգամանքը, ընդ որում այն ընկալմամբ, որ այլևս այդ պաշտոնում տվյալ պաշտոնյայի հետագա գործութնեությունը համարվում է անհանդուրժելի:
Մինչ դեռ պաշտոնյայի կողմից պաշտոնից հրաժարական ներկայաացնելու փաստը վկայում է պաշտոնյայի և նրա անմիջական քաղաքական ղեկավարի միջև տվյալ պաշտոնին օրենքով վերապահված պարտականությունների կատարման խնդրում անհամաձայնության և սկզբունքային տարաձայնությունների մասին:
Ընդ որում, որպես կանոն, այդ տարաձայնությունները դառնում են անհաղթահարելի այն պարագայում, երբ պաշտոնյան իր հետագա պաշտոնավարումը տվյալ պաշտոնում տվյալ քաղաքական ղեկավարի ենթակայությամբ քաղաքական և/կամ իրավական առումներով գնահատում է իր համար այլևս ոչ նպատակահարմար:
Հրաժարականը քաղաքական պռոտեստի դրսևորում է, այն դեպքում, երբ պաշտոնանկությունը՝ տվյալ պաշտոնյայի կողմից պաշտոնեական պարտականություների աններելի ձախողման գնահատաական:
Հրաժարականը պաշտոնյայի գիտակցված ընտրությունն է և նա է կրում այդ քայլի իրավական և քաղաքական հետևանքների ողջ պատասխանատվությունը, մինչդեռ պաշտոնանկությունը դա քաղաքական ղեկավարի նախաձեռնությունն է և վերջինս է կրում այդ քայլի թե՛ իրավական և թե՛ քաղաքական հետևանքների պատասխանատվությունը:
Պետական կառավարման գործընթացներում ներգրավված պաշտոնյաները և քաղաքական գործիչները պարտավոր են տիրապետել կառավարման արվեստի այս նրբություններին»: