Գյուղացիների ունեցվածքը գրավի տակ է
«Ես բանկերից վառված եմ, թույլ տվեք սա էլ ասեմ»,- 168.am-ի թղթակցին տեսնելով` ասաց Արարատի մարզի Նիզամի գյուղի բնակիչ Տիգրանը: «Ցորենս քաղել եմ, տարել-տվել եմ բանկին: 85.000 դրամ վարկիցս պակասեց: 4000 դոլար մուծել եմ, 85.000 դրամի համար եկան նստեցին, խեխտում էին, ասում էին, թե դատի են տալիս: Ես էլ ասեցի` թող դատի տան, մենակ էլ իմ դռները չերևան: Գնամ նստեմ 85.000-ի դիմաց, ի՞նչ անեմ: 24 տոկոսով վարկ եմ փակում: Սաղ ստացածս իրենց եմ տալիս»,- հավելեց նա:
168.am-ը հետաքրքրվեց, թե վերցրած գումարի դիմաց ի՞նչ էին գրավադրել, նույն գյուղի բնակչուհի Սվետա Սարգսյանը ծիծաղելով պատասխանեց. «Մեր ամբողջ գյուղի գյուղացիների տները գրավի տակ են: Երևի մենք մեր գյուղից վերջում քոչենք գնաք»: Գյուղացիները, միմյանց հերթ չտալով պատմում էին, թե 16-24 տոկոս տոկոսադրույքով վարկ են վերցրել, ով ինչ կապիտալ ուներ գրավի տակ է դրել, հիմա էլ մտածում են, թե ինչպես մարեն վարկերը: «Ինչ ունենք դրել ենք գրավ, ինչ ունենք ծախում ենք, այ այդպես էլ անում ենք, աղջիկ ջան: Առանց վարկի չի լինում: Էնքան ենք վերցնում, որ էլ չգիտենք` ոնց անենք, որն անենք, որ վարկը փակենք»,- վրդովված պատմում էին Նիզամի գյուղի բնակիչները: