Հայկական կոնյակի համար թույլատրելի խաղողի սորտերն ընդլայնվել են
Օգոստոսի 18-ին ուժի մեջ են մտել «Հայկական կոնյակի, բրենդիի և խաղողի օղիների գինենյութերի արտադրության համար նախատեսված խաղողի սորտերը և գինենյութերում բնական սպիրտի փաստացի նվազագույն քանակությունները սահմանելու մասին» կառավարության 2009 թ.-ի ապրիլի 2-ի որոշման մեջ ընթացիկ տարվա հուլիսի 26-ի կատարված լրացումները:
Ինչպես տեղեկացնում է «Փաստինֆո» լրատվական գործակալությունը, հիշյալ որոշման հավելվածում բրենդիի գինենյութերի արտադրության համար թույլատրելի խաղողի սորտերի սահմանված ցանկում ներառվել են նաև Ալիգոտե, Շենին, Կոլոմբարդ-Բ, Ֆոլ Բլանշ Բ, Ուգնի Բլանք Բ խաղողի սորտերը, իսկ խաղողի օղու գինենյութերի արտադրության համար թույլատրված խաղողի սորտերի ցանկում` Շենին, Կոլոմբարդ-Բ, Ֆոլ Բլանշ Բ, ՈՒգնի Բլանք Բ սորտերը:
Տեղեկացվում է, որ այս լրացումները պայմանավորված են արգենտինացի ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանի կողմից Հայաստանում հիմնադրած «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի գործունեությանը` մասնավորապես աճեցվող խաղողի բերքի իրացման գործում, աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ: