Վրաստանում հարցվածների 49 տոկոսի կարծիքով, երկիրը զարգանում է ոչ ճիշտ ուղղությամբ. NDI
Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) ուսումնասիրության արդյունքների համաձայն, Վրաստանում հարցվածների 49 տոկոսը գտնում է, որ երկիրը զարգանում է ոչ ճիշտ ուղղությամբ: Ինչպես հայտարարել է Վրաստանում NDI-ի գրասենյակի ղեկավար Լորա Թորնթոնը, վերջին տասը տարվա ընթացքում սա այդ հարցի վերաբերյալ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է, տեղեկացնում է «Գրուզիա Online-ը:
Նույն ուսումնասիրության համաձայն, հարցվածների 30 տոկոսը նշել է, որ Վրաստանն ընդհանրապես չի փոխվում, իսկ 18 տոկոսը կարծում է, որ երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ:
Սեպտեմբերի 17-ին Ազգային դեմոկրատական ինստիտուտը ներկայացրել է հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքների առաջին մասը:
Ուսումնասիրությունն անցկացվել է հուլիսի 13-ից 29-ն ընկած ժամանակաշրջանում: Հարցմանը մասնակցել է 2131 մարդ: Վիճակագրական անճշտությունը կազմում է 1,7 տոկոս: