Փաշինյանը վա-բա՞նկ է գնում
Քաղաքական իրականությունը հաճախ կորցնում է իր տրամաբանության շարունակականությունը և ռացիոնալության սահմանները, հենց այդ պատճառով էլ համարվում է հնարավորինի արվեստ, իսկ այն, ինչ տեղի է ունենում այսօր քաղաքական իրականությունում, դուրս է բոլոր տրամաբանության եզրույթներից ու բանական մարդու գիտակցականից։
Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ իր հրաժարականի դիմումն է ներկայացրել ներկայիս գործող կառավարության կազմի ամենաադեկվատ անձնավորությունը՝ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը, ում հրաժարականի մասին մամուլը գրել էր դեռևս նախորդ շաբաթ։ Սակայն այդ ժամանակ հրաժարականի լուրերը հերքվեցին այն հիմնավորմամբ, թե իբր դրանք լրատվականների հերթական շինծու ու մտացածին ֆեյք-նյուզն է, որի միջոցով «փորձում են ցեխ շպրտել իշխանությունների վրա»։ Սակայն, ինչպես պարզ դարձավ այսօր, այնուամենայնիվ, Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որը և մակագրվել է Փաշինյանի կողմից։
Այստեղ մի պահ կանգ առնենք և փորձենք հասկանալ, թե որն էր ԱԱԾ տնօրենի անակնկալ կամ գուցև սպասված հրաժարականի պատճառը, հատկապես այն դեպքում, երբ նա, ըստ միջազգային սոցոլոգիական հարցումների արդյունքների, ներկա պահին իշխանության մեջ ուներ ամենաբարձր վարկանիշը (ըստ օդում կախված լուրերի՝ Փաշինյանը ոչ մի կերպ չի կարողանում հանդուրժել այն փաստը, որ իր կողմից արված «հեղափոխության» արդյունքում՝ ամենաբարձր վարկանիշ շարունակում են ունենալ նախկին «քրեաօլիգարխիկ ռեժիմի» ներկայացուցիչները՝ Վանեցյանն ու Տոնոյանը)։
Այսպիսով՝ Վանեցյանի հրաժարականի հավանական պատճառներից մեկը կարելի է համարել Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործի հետ կապված զարգացումները, երբ ԱԱԾ-ն հայտարարում էր, որ իր ներկայացրած փաստերն իրական են, և Սանասարյանը պետք է պատասխանատվության ենթարկվի, քանի որ կատարվել են չարաշահումներ, իսկ ՊՎԾ նախկին պետը՝ «սիրում եմ բոլորիդ» ասելով, հայտարարում էր, որ «պատրաստ է անգամ կտրել ձեռքը», եթե ինքն ինչ-որ կերպ խառնված է կոռուպցիոն սխեմաների մեջ։
Ստացվում է այնպես, որ Վանեցյանն ակնհայտ դեմ է գնացել և փորձել է սկսած գործն ավարտին հասցնել, ու հենց այդ փուլում գործի է դրվել ամենակարող «Սորոսի մեխանիզմը» և, ամենայն հավանականությամբ, Փաշինյանին ստիպել են ազատվել կադրային գեներալից, ով, նույն գործող իշխանությունների գնահատմամբ էլ՝ ԱԱԾ համակարգի տարիների վաստակ ունեցող փայլուն ներկայացուցիչ էր և, ամենակարևորը, պետականամետ ու ազգանվեր, հայրենիքի իսկական նվիրյալ։
Փաստացի ստացվում է այնպես, որ, հերթական անգամ, ՀՀ ներքաղաքական դաշտում հիմնական որոշումները կայացվում են հօգուտ «Սորոսի» թիմի։ Չնայած այս իշխանությունների վարած քաղաքականության դեպքում նման վարքագիծ ցուցաբերելը լրիվ նորմալ է և համապատասխանում է ժանրի կանոններին։ Շատերի գնահատմամբ՝ այսօր ՀՀ-ում իշխանության են մարդիկ, ովքեր գաղափար չունեն սպայի ու նրա արժանապատվության մասին, նաև, թե ինչ է սպայի համար հայրենիքն ու պետականությունը։
Այս կառավարության թիմի համար կարևորը՝ լինեն ֆեյք «լիբերալ», իրենց հրամանները հլու-հնազանդ կատարող, ստրկամիտ մի անձնավորություն, իսկ արժեհամակարգային ու պետականակենտրոն մարդը նման իշխանության համար ընդհանրապես արժեք չունի։ Ա. Վանեցյանի հրաժարականի տեքստից ակնհայտ է դառնում, որ նա լրիվ հասկանում է, թե ինչ անհասկանալի ու կործանարար ճանապարհ են բռնել Փաշինյանն ու թիմակիցները, և, որ ամենակարևորն է, նա նախկին թիմակիցներին հասկացնում է, որ ինքն այդ ամենից ձեռքերը լվանում է և պատասխանատու չէ նրանց հետագա ճակատագրի համար։
Ըստ ամենայնի՝ Վանեցյանի հրաժարականի մյուս պատճառը կապված է եղել նաև Ռոբերտ Քոչարյանի, Հրայր Թովմասյանի և դատաիրավական ոլորտի մյուս ներկայացուցիչների, ինչպես նաև նախկին «կոռումպացված համակարգի» ներկայացուցիչների, այդ թվում՝ նաև Սերժ Սարգսյանի նկատմամբ գործեր «կարելու» պահանջի հետ, որից նա բացահայտ հրաժարվել է, ինչին և հաջորդել է հրաժարականի պահանջը։
Ըստ տեղեկությունների՝ Փաշինյանը մտադիր է ԱԱԾ պետ նշանակել իր վաղեմի ընկերոջը՝ Վահե Ղազարյանին, ով այժմ զբաղեցնում է ՀՀ Ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը: Նշենք նաև, որ զուգահեռ շրջանառվում են Վաղարշակ Հարությունյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Սասուն Խաչատրյանի անունները։
Ամփոփելով՝ կարող ենք ընդգծել՝ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը վա-բանկ է գնացել և իր ողջ խաղաքարտերը բացելով՝ փորձում է ընդհանուր իրավիճակի վերահսկողությունն իր ու իրեն վստահելի մարդկանց ձեռքում կենտրոնացնել, բայց այստեղ կարևոր է փաստել մի առանցքային հանգամանք․ միանգամայն պարզ է, որ Արթուր Վանեցյանը, լինելով երկրի թիվ մեկ հիմնարկներից մեկի տնօրենը և երկարամյա աշխատակից, հենց Փաշինյանի ու իր թիմակիցների մասին տիրապետում է անսահման մեծ ծավալի տեղեկատվության, և չի կարելի բացառել, որ նա հենց ներսից շատ արագ, հնարավոր է, պայթեցնի ողջ համակարգը։
Արմեն Հովասափյան