Նիկոլ Փաշինյանը հորդորում է մանիպուլյացիաների չտրվել՝ անգամ իր կողմից հարգված ու սիրված ընկերների կողմից

«Այդ 400  հազար դոլարը վատնված չէ, այն ծախսվել է Ամուլսարի շահագործման վերաբերյալ ճշմարտությունն ի հայտ բերելու համար: Չեմ կարծում, որ հանուն ճշմարտության համար օգտագործված գումարը կարելի է համարել վատնված: Նախ՝ արձանագրենք մի բան, որ սկսած առաջին օրվանից Կառավարությունն Ամուլսարի շուրջ ստեղծված  իրավիճակում աշխատում է 100 տոկոս թափանցիկ»,- այսօր Վանաձորում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին և փորձաքննության համար հատկացված 400  հազար դոլարին:

Վարչապետի խոսքով՝ «Էլարդ» ընկերության հետ  սկայպով տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ որոշ հանգամանքներ են պարզվել, այն է, որ այստեղ կա որոշակի բանավեճ:

«Երբ «Էլարդին» հարցրեցի, թե երաշխավորո՞ւմ են հանքի շահագործման անվտանգությունը, նրանք ասացին, որ բոլոր դեպքերում այդ անվտանգության ապահովումը երաշխավորում է «Լիդիան» ընկերությունը: Նրանք ասացին, որ շինարարությունը պետք է սկսվի, և հընթացս մյուս հարցերն իրենք սկսեն կարգավորել: Ճանապարհների մասով մենք ունենք դատարանի որոշում, որ ճանապարհները պետք է բացեն: Ամուլսարի խնդրի հետ կապված ես ուզում եմ տամ իմ և Կառավարության ընդհանրական որոշումը: Մենք ասում ենք, որ այս հարցի հետ կապված մենք մինչև վերջ պետք է գնանք ճշմարտության հետևից, որը մեզ պետք է բերի այս կամ այն որոշման»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Ճշմարտության առումով վարչապետը կարևորեց, որպեսզի հանրությունը չտրվի մանիպուլյացիաների, այդ թվում՝ իր կողմից հարգված ու սիրված ընկերների կողմից:

«Երբ որևէ քաղաքացի որևէ սարք վերցնում, գնում, կանգնում է ինչ-որ տեղ և ասում, որ հիմա ռադիացիան կչափի և կպարզի, որ ռադիացիոն այնպիսի ֆոն կա, որ հիմա Հայաստանում աղետ կսկսվի, ապա սա համարում եմ մանիպուլյացիա: Ինչո՞ւ եմ ասում, որ ճանապարհները բացեն, քանի որ համարում եմ, որ այսօր Հայաստանում կա այնպիսի Կառավարություն, որը, եթե ճանապարհները փակելու անհրաժեշտություն տեսնի, ապա փաստացի կփակի ճանապարհները, եթե լինի բացելու անհրաժեշտություն, ապա դրանք կբացի»,- ընդգծեց վարչապետ Փաշինյանը:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս