Ռուհանին Թրամփի հետ չի հանդիպելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում. ԱԳՆ
Իրանի նախագահ Հասան Ռուհանին չի պլանավորում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Այդ մասին հայտնել էէէէ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Ես չեմ հաստատում այդ տեղեկատվությունը»,- ասել է Մուսավին՝ պատասխանելով Ռուհանիի եւ Թրամփի հնարավոր հանդիպման վերաբերյալ հարցին: ԱԳ նախարարության ներկայացուցչի ելույթը հեռարձակել է Press TV հեռուստաալիքը:
Սեպտեմբերի 15-ին ԱՄՆ-ի նախագահն իրականությանը չհամապատասխանող է համարել այն տեղեկատվությունը, թե ինքը պատրաստ է Իրանի ղեկավարության հետ հանդիպել առանց որեւէ նախապայմանի: Համապատասխան հաղորդագրությունը ԱՄՆ-ի ղեկավարը զետեղել է Twitter-ի իր էջում: «Ստախոս ԶԼՄ-ներն ասում են, որ ես պատրաստ եմ Իրանի հետ հանդիպել «առանց նախապայմանների»: Դա ոչ ճիշտ պնդում է (ինչպես միշտ),- հայտարարել է նա:
Անցած շաբաթ ԱՄՆ-ի նախագահը հնարավոր էր համարել սեպտեմբերի վերջին Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդհանուր քաղաքական բանավեճերի շրջանակում: Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել էր, որ Թրամփը պատրաստ է Իրանի ղեկավարության հետ հանդիպել առանց նախապայմանների, բայց պաշտպանում է Թեհրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու ուղեգիծը:
Իր հերթին ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Քելիեն Քոնուեյը Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իրանի նրա պաշտոնակից Հասան Ռուհանիի հանդիպումն առայժմ բացառված չէ, չնայած անօդաչուների կողմից Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների ռմբակոծման հետ կապված միջադեպին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: