Բաժիններ՝

Փարիզում մեկնարկել է տրանսպորտի աշխատողների՝ 2007 թվականից ի վեր ամենաընդգրկուն գործադուլը

Փարիզի մետրոյի եւ հասարակական տրանսպորտի մյուս ճյուղերի աշխատողները սեպտեմբերի 13-ին աշխատանքի դուրս չեն եկել ի նշան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ կենսաթոշակային բարեփոխման դեմ բողոքի: Այդ մասին հայտնել է Le Figaro հրատարակությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայի մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը (RATP) կարգավորող կազմակերպությանը:

Փակված են մայրաքաղաքի մետրոյի 16 գծերը, խախտված է մերձքաղաքային երկաթուղային երեք գծերից երկուսի աշխատանքը, ինչպես նաեւ ավտոբուսների ու տրամվայների երթեւեկությունը: RATP-ի տվյալներով՝ ժամը 20:00-ից (Երեւանի ժամանակով 22:00) հետո սեպտեմբերի 13-ին կաշխատեն միայն մետրոյի երկու գծերը, որոնցով գնացքների երթեւեկությունն իրականացվում է առանց մեքենավարների:

Որպես հասարակական տրանսպորտի այլընտրանք RATR-ն առաջարկում է օգտվել էլեկտրական սկուտերներից, որոնցով ուղեւորության 30 րոպեի համար կվճարի ընկերությունն ինքը:

Քաղաքի բազմաթիվ բնակիչներ աշխատավայր են հասել հեծանիվներով: Բողոքի ակցիայի հետեւանքով Փարիզի շրջանում մինչեւ 300 կիլոմետր երկարությամբ խցանում է գոյացել առավոտյան երթեւեկության պիկ ժամերին: Հաղորդվում է, որ սա տրանսպորտի աշխատողների բողոքի՝ 2007 թվականից ի վեր ամենաընդգրկուն ակցիան է: Ցուցարարներն այդ միջոցառումը որակել են «նախազգուշական կրակոց»:

Սպասվում է, որ սեպտեմբերի 16-ից, առողջապահության, ավիացիայի աշխատողները եւ իրավաբանները բողոքի հերթական ակցիան կկազմակերպեն կառավարության բարեփոխման դեմ, որը նախատեսում է «միասնական» կենսաթոշակային համակարգ, որը ենթադրում է հրաժարում կենսաթոշակի բաշխումից մասնագիտական գործունեությանը համապատասխան: Ֆրանսիայի կառավարությունն ակնկալում է, որ խորհրդարանում բարեփոխման շուրջ քվեարկությունը տեղի կունենա 2020 թվականի սկզբին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս