«Հայ լուսանկարչությունը հսկայական ավանդույթներ ունի». Արմեն Սարգսյանը՝ ցուցահանդեսի բացմանը
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր Առաջին հայկական միջազգային ֆոտոփառատոնի շրջանակում բացվել է «Հայ լուսանկարչության պատմական ժառանգությունը» խորագիրը կրող բացօթյա ցուցահանդեսը:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացման արարողության ժամանակ ֆոտոփառատոնի հիմնադիր Տաթև Մնացականյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին՝ նման գեղեցիկ ցուցադրությունը նախագահական նստավայրի այգում հյուրընկալելու համար: «Այստեղ դուք տեսնելու եք Առաջին հայկական միջազգային ֆոտոփառատոնի ամենագեղեցիկ ցուցադրությունը՝ ցուցադրությունների մարգարիտը»,- նշել է նա:
Նախագահ Արմեն Սարգսյանը, կարևորելով նմանօրինակ ցուցադրության կազմակերպումը, ընդգծել է, որ լուսանկարչությունը մեր ամենօրյա կենցաղի անբաժան մասն է դարձել, և թեև մեզնից յուրաքանչյուրը մեր հեռախոսների միջոցով ասես լուսանկարիչ է դարձել, սակայն իրականում լուսանկարչությունը նախ և առաջ մեծ արվեստ է: «Լուսանկարչությունը նախ և առաջ հսկա արվեստ է: Մենք կարող ենք հպարտ լինել, քանի որ հայ լուսանկարչությունն իսկապես հսկայական ավանդույթներ է ունեցել և ունի: Այն մեծ ներդրում է ունեցել համաշխարհային լուսանկարչության ոլորտում: Մեր երիտասարդ լուսանկարիչներին նույնն եմ ուզում մաղթել՝ արժանի լինեք մեր վարպետներին և շարունակեք այդ գործը,-նշել է նախագահը:-Լուսանկարը նաև պատմություն է: Այսօրվա ցուցահանդեսը հենց դա է ապացուցում՝ լուսանկարը հսկայական տեղեկատվություն է իր մեջ պարունակում: Այն հսկայական տեղեկություն է մեզ փոխանցում ժամանակի, մարդկանց մասին»:
Նախագահի խոսքով՝ ցուցահանդեսը մեկ այլ նպատակ էլ ունի՝ ինքներս մեզ, մեր արժեքներն ու մեր մեծերին ճանաչելը: «Երբ ամիսներ առաջ գնացի Գյումրի և ասացի, որ պետք է ճանաչենք մեր հայրենիքը, դրանք ուղղակի խոսքեր չէին: Իսկապես պետք է Երևանից դուրս գանք, քանի որ մեր հայրենիքը շատ ավելի մեծ է, քան մեր քաղաքը: Այս ցուցահանդեսն օրինակներից մեկն է՝ եկեք ճանաչենք մեզ: Ոչ միայն Գյումրին, Արցախը, Վանաձորը, Սյունիքը, այլև մեզ: Եվ սկսենք մեր մեծերից»,- նշել է նախագահը: Նա ընդգծել է, որ նախագահական նստավայրում կազմակերպված այս ցուցահանդեսը շնորհակալության խոսք է մեծ հայ լուսանկարչական արվեստին:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի և ֆոտոփառատոնի հիմնադիր Տաթև Մնացականյանի ջանքերով: Լուսանկարները տրամադրել է Անդրանիկ Քոչարի լուսանկարչական թանգարանը, իսկ ցուցահանդեսի հավաքածուի մշակման վրա աշխատել է անվանի լուսանկարչի որդին՝ Վահան Քոչարը: Ցուցահանդեսին ներկայացվել էին հայտնի հայ լուսանկարիչներ Աբդուլլահ եղբայրների, Անտուան Սևրուգինի, Յուսուֆ Քարշի, Իդա Քարի, Արա Գյուլերի, Վլադիմիր Մուսայելյանի, Հարրի Կունդաքչյանի և այլոց գործերը: Ցուցահանդեսը կգործի Հանրապետության նախագահի նստավայրի այգում՝ մինչև սեպտեմբերի 22-ը: