Աշխարհում տուրիստական հոսքը կես տարվա ընթացքում աճել է չորս տոկոսով. UNWTO
2019 թվականի առաջին կեսին միջազգային տուրիստական հոսքն ավելացել է 4 տոկոսով՝ դրսեւորելով աճի դանդաղում: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ին առընթեր Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO):
Կազմակերպության ուսումնասիրության համաձայն, «2019 թվականի հունվարից մինչեւ հունիս միջազգային տուրիստական ժամանումների թվաքանակը 4 տոկոսով աճել է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ»:
Ամբողջ աշխարհում գրանցվել է 671 մլն միջազգային տուրիստական ժամանում, ինչը գրեթե 30 միլիոնով ավելի է, քան անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում: «Անցած տարիներին սեկտորը 6 տոկոսի դինամիկա էր ցուցաբերում»,-նշվում է UNWTO-ի կայքում: Զբոսաշրջիկների հոսքի ակտիվ աճ են շարունակում արձանագրել Մերձավոր Արեւելքի (պլյուս 8 տոկոս) եւ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները (6 տոկոս): Եվրոպայում ժամանումների թվի ավելացում է նշվել 4 տոկոսով այն դեպքում, երբ Աֆրիկայում աճը կազմել է 3 տոկոս, իսկ Ամերիկայում՝ 2 տոկոս:
«Միջազգային զբոսաշրջության զարգացման շարժիչ գործոնները եղել են ուժեղ տնտեսությունը, մատչելի ավիաչվերթները, օդային հաղորդակցության ընդլայնումը եւ այցագրային ռեժիմի պարզեցումը: Սակայն ավելի թույլ տնտեսական ցուցանիշները՝ Brexit-ի նկատմամբ երկարատեւ անորոշությունը, առեւտրական եւ տեխնոլոգիական լարվածությունը եւ աճող աշխարհաքաղաքական խնդիրները, սկսել են ազդել գործարար եւ սպառողական վստահության վրա, ինչն իր արտացոլումն է գտել զբոսաշրջության սեկտորի զարգացման ավելի զգուշավոր կանխատեսումներում»,-նշում են UNWTO-ի փորձագետները:
Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր ասեմբլեայի (UNWTO) 23-րդ նստաշրջանը 2019 թվականի սեպտեմբերի 9-ից մինչեւ 13-ն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: