Վարչապետի մամուլի քարտուղարը՝ «Սասնա ծռերի» ներկայացուցիչների հետ հանդիպման և դրա շուրջ հնչող կարծիքների մասին
Մտահոգություններ ունեինք՝ երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված, գլխավորապես այդ մտահոգությունների շուրջ ենք խոսել վարչապետի հետ: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում վարչապետի հետ հանդիպումից անմիջապես հետո հայտնել էր «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավար կազմի անդամ Ժիրայր Սէֆիլյանը՝ պատասխանելով հարցին, թե Կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպման ժամանակ ինչ են քննարկել։
«Նաև հին ռեժիմից ժառանգած կնճռոտ հարցերի մասին ենք խոսել: Կարծում եմ՝ կշարունակենք խոսել: Կարևորն այն է, որ մենք ինչ վտանգներ տեսնում ենք, այդ ամենի մասին իրազեկում ենք և իրազեկելու ենք: Հուսով ենք՝ ապագայում այս ուղղությամբ ավելի ինտենսիվ կլինի շփումը»,- ասել էր նա:
Լրագրողի դիտարկմանը, թե Հանրապետական կուսակցության խոսնակն է անդրադարձել հանդիպմանը՝ նշելով, որ վարչապետը հանդիպում է տեռորիստական ակտ կատարած անձանց հետ, Ժ. Սեֆիլյանն արձագանքել էր. «Մենք հանցագործներին չենք մեկնաբանում, մեր ժողովրդի նկատմամբ ահաբեկչություն գործող ուժին չենք մեկնաբանում. Կարծում եմ, որ ժամանակն ամեն ինչ տեղը կդնի, և ոչ ուշ ապագային նրանց ձայնն այլևս չենք լսի»:
Ի դեպ, այս հանդիպումը միանշանակ չի ընդունվել նաև քաղաքական ու հասարակական այլ շրջանակներում նույնպես, մասնավորապես՝ ֆեյսբուքյան տարբեր գրառումներ եղան, որտեղ կրկին նշում էին, որ վարչապետն ահաբեկիչների հետ է հանդիպել:
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ղազինյանը, օրինակ՝ Փաշինյան-Սէֆիլյան-Չուգասզյան հանդիպումից հետո հայտնել էր.
«2016թ. ՊՊԾ գունդը գրավելուց և 2 ոստիկան սպանելուց րոպեներ անց Նիկոլ Փաշինյանը անարգել և ապահով հայտնվեց ահաբեկչների մեջ և ուղիղ տեսակապով ներկայացնում էր գնդում տիրող իրավիճակը:
Բոլորին ճանաչում էր, բավականին մտերմիկ և անկաշկանդ զրուցում էին:
Ներսում պատանդառված էին բարձրաստիճան ոստիկաններ, որոնց թվում էր ներկայիս ոստիկանապետ Օսիպյանը:
Այդ պահին զարմացել էի Նիկոլի համարձակության վրա, քանի որ ահաբեկիչների մոտ այդպես հանգիստ չեն մտնում, եթե, իհարկե, նրանցից մեկը չես, ով դրսում է մնացել և օժանդակում է ահաբեկչական գործողությանը:
Հիմա արդեն պարզ է, թե ինչպես և ինչ պայմաններում Նիկոլ Փաշինյանն այդպես հանգիստ և ապահով մուտք գործեց գնդի տարածք»։
«Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը նույնպես անդրադարձել էր թեմային. «Նիկոլի վարկանիշի լավագույն ցուցիչը իր հանդիպումներն են: Երբ որ 70% քվե ստացած մարդը հանդիպում է 1% քվե ստացած ահաբեկչական խմբավորմանը, դա նշանակում է, որ փաստացի վարկանիշը էդ երկուսի մեջտեղներն ա: Առավել վտանգավորը էն փաստն ա, որ միջին կարգի ավտարիտետը Ծռերից ավելի մեծ, ավելի կարգապահ ու ավելի վճռական բանակ ունի, էլ չեմ ասում՝ ավտարիտետների փոքրիկ խմբակը: Ու երբ որ դու լեգիտիմացնում ես Ծռերի ներկայությունը քաղաքական կյանքում, դա անխուսափելիորեն լեգիտիմացնելու է այլ հանցագործների ներկայությունը: Սա ևս մեկ օրինաչափություն է, որը էս պրիդուռոկը չի հասկանում: Ցանկացած քայլ ունի հետևանք… էս քայլի հետևանքը մեծ արյունն է: Շատ ավելի մեծ արյուն, քան այն արյունը, որը պիտի թափվեր Ամուլսարը աշխատացնելու համար»:
ՀԱԿ ակտիվիստ Կարեն Թովմասյանն էլ ֆեյսբուքյան իր էջում տարակուսանք էր հայտնել՝ գրելով. «Մի հարց։ Վարչապետը հանդիպում ա տեռորիստական կազմավորման պարագլուխների հետ, որ ի՞նչ անի:
#ՄիԾռվիր!»
Նմանատիպ մեկնաբանությունների մասին փորձեցինք գնահատական լսել վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանից. «Ֆեյսբուքում վարչապետի հետ «Սասնա ծռեր» կուսակցության հանդիպման վերաբերյալ արձագանքներ եղան, որտեղ այդ կազմակերպությունը որակել էին ահաբեկչական. Ձեր գնահատականն այս առնչությամբ ո՞րն է»՝ մեր հարցին Վ. Կարապետյանը հստակ պատասխան չտվեց.
«Իրենք իրենց կարծիքն են հայտնել: Ինձ զանգահարել եք հարցնեք, թե ով ի՞նչ է որակել: Ձեզ հետաքրքրում է, թե ի՞նչ են խոսել, թե ով ինչ է որակել. Ով ինչ որակել է, ամեն մարդ իր պատասխանատվության համար է արել»:
Ապա ներկայացրեց հանդիպման որոշ մանրամասներ. «Հանդիպումը տեղի է ունեցել Չուգասզյանի և Սէֆիլյանի նախաձեռնությամբ. որոնք դիմել էին վարչապետին հանդիպման համար: Իրենց մեկնաբանություններին չեմ ուզում անդրադառնալ, որովհետև իրենց պատկերացումների վերաբերյալ արված մեկնաբանություններ են»:
Հիշեցնենք, որ անդրադառնալով հանդիպման մասին Կառավարության լռությանը՝ Վլադիմիր Կարապետյանն ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում նշել էր. «Վարչապետը սովորաբար օրվա ընթացքում բազմաթիվ հանդիպումներ է ունենում. ոչ միշտ է, որ մենք հաղորդագրություններ ենք տարածում»:
Հիշեցնենք նաև, որ «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ի վաղ առավոտյան գրավել և երկու շաբաթ իր վերահսկողության տակ էր պահել ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել էր երեք ոստիկան, խմբի անդամները հուլիսի 31-ին հանձնվել էին իրավապահներին:
«Սասնա ծռեր» խմբավորման հիմքի վրա 2018 թվականի սեպտեմբերի 29-ին ձևավորվեց «Սասնա ծռեր» կուսակցությունը:
Զարուհի Դիլանյան