Բաժիններ՝

Գյուղացին նոր պարտքերի առջև է կանգնած

Մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը գյուղացին ՀՀ գյուղնախարարությանը պետք է հետ վերադարձնի վերցրած ցորենի սերմացուի պարտքը: Եվ սա՝ այն դեպքում, երբ երաշտի, անջրդի հողերի, սերմացուի՝ բնակլիմայական պայմաններին չհարմարվելու պատճառով, գյուղացին այս տարի բերք չի ստացել: Ստացածն էլ կազմում է միջինը 1 հա-ի դիմաց՝ 500 կգ, ինչը չնչին ցուցանիշ է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ 1 հա ցորենի ցանքի համար գյուղացուն անհրաժեշտ է 300-350 կգ ցորենի սերմացու:

Ստացվում է` գյուղացին այս տարի ունեցել է միջինը 150-200 կգ հացահատիկի բերքի օգուտ: 168.am-ին ահազանգող գյուղացիները մտահոգված էին սերմացուի իրենց պարտքը Գյուղնախարարությանը վերադարձնելու խնդրով: Հիշեցնենք, որ ՀՀ գյուղնախարարությունը գյուղացուն սերմացու տրամադրելիս պայմանագիր է կնքել, ըստ որի` գյուղացին պարտավորվում է բերքահավաքից հետո Գյուղնախարարությանը հետ վերադարձնել վերցրած սերմացուի կրկնակին:

Քանի որ գյուղացին բերք չի ստացել,  ստացածն էլ անորակ է և քիչ, դատարանի դռները չընկնելու համար՝ նա պետք է իր գրպանից այդ գումարը վճարի: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ գյուղացին շահույթ չի ունեցել, ապա ստացվում է` նախարարության պարտքը փակելու համար նոր պարտքերի տակ պետք է ընկնի: Առաջացած խնդրի շուրջ զրուցեցինք Շիրակի մարզի Նոր Կյանք, Հոռոմ գյուղերի գյուղապետերի հետ` պարզելու, թե ինչպես պետք է գյուղացին հետ վերադարձնի Գյուղնախարարության պարտքը:  «Խեղճ գյուղացին ի՞նչ պետք է  անի:Դիմել ենք ՀՀ կառավարության պատկան մարմիններին: Պատկան մարմինները եկել են, արձանագրել են գյուղացու վիճակը: Եթե դրական փոփոխություն լինի` գյուղացուն կտեղեկացնեն»,- ասաց Նոր Կյանք գյուղի գյուղապետ Մայիս Աբրահամյանը:

«Եթե գյուղացին նույն գնով պարտավոր լինի վճարել իր պարտքը, ապա, հավատացած եմ, որ գյուղացիների առնվազն կեսի գործերը դատարանում կհայտնվեն: Նախնական պայմանավորվածության համաձայն` Գյուղնախարարությունը տրամադրած սերմի համար գյուղացուց հետ էր վերցնելու տված կգ-ի կրկնակին: Շահառուների բողոքներին ընդառաջ գնալով`կառավարությունը փոխեց սկզբնական պայմանագիրը: Ներկա պայմանագրի համաձայն՝ գյուղացին Գյուղնախարարությանը վերադարձնելու է իր պարտքը՝ 1 կգ-ն 160 դրամ հաշվարկով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հոռոմ գյուղի գյուղապետ Սարգիս Դավթյանը:

Կարդացեք նաև

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս